«Հայ ժողովրդին «սովորեցնում են» թուրքական ներկայության»․ Հերմինե Մխիթարյան

«Մի քանի դիտարկում, հարցադրում այս օրերին տեղի ունեցողի վերաբերյալ.
Որքան էլ ցավալի է, բայց պիտի խոստովանենք, որ այն ամենը, ինչին ականատես ենք լինում հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական գործընթացներում, առավել քան կանխատեսելի էր։ Սրա մասին տարիներ առաջ ենք ասել, մինչ օրս շարունակաբար բարձրաձայնել, զգուշացրել, հիմնավորել ու բացատրել...
Խաղաղության պայմանագիր կոչվածում տեղ գտած Բաքվի բոլոր պահանջները, ինչպես և ակնկալվում էր, բավարարված են։ Սա արդյոք նշանակու՞մ է, որ Ադրբեջանն անպայման, օրինակ` վաղը, կստորագրի փաստաթուղթը. Ո'Չ։ Ադրբեջանը դեռ նախապայմանների շարք ունի` սկսած Սահմանադրության փոփոխության պահանջից մինչև ապառազմականացում...
Միաժամանակ`
բացառվու՞մ է, որ Ադրբեջանն օր առաջ կստորագրի այդ փաստաթուղթը. Կրկին Ո'Չ։ Օրինակ, եթե Բաքուն ունի հիմնավորված մտավախություն առ այն, որ կարող է Հայաստանում խիստ կարճաժամկետ հեռանկարում իրավիճակ փոխվել և այլևս իրեն «հարմար» իշխանությունները չլինեն, պիտի փորձի ամրագրել արդեն ստացածը։ Ի դեպ, նույն խաղաղության պայմանագիր կոչված թղթում ունի նաև համապատասխան հոդված` վաղը պահանջները շարունակելու համար (համատեղ հանձնաժողով ստեղծելու կետը), ինչը հենց այդ նպատակով էլ դրվել է։
կօգտագործի՞ Փաշինյանը այս «հնարավորությունը» արտահերթ ընտրությունների (զուգահեռ` նաև Սահմանադրության հարցով հանրաքվեի) գնալու համար. ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` եթե այն, իրենց գնահատմամբ, կընկալվի որպես շանս` ստեղծված բարդ իրավիճակում աթոռը պահելու։
ու՞նի Փաշինյանն արտաքին աջակցություն. Արևմուտքը, գոնե այս պահին եղածից դատելով, «խաղից դուրս գալու» միտումներ է ցույց տալիս, Ռուսաստանի հետ կապված, կարծես, այս անգամ արդեն չստացվեց կարգավորել փչացրածը։ Մնում է Թուրքիան։ Ի դեպ, շատ հետաքրքիր պատահականությամբ, հայաստանյան հանրությանը, հայ ժողովրդին «սովորեցնում են», «վարժեցնում են» թուրքական ներկայության։ Թուրք լրագրողների հետ հանդիպումը դրա վառ օրինակներից է, երբ Հանրային Հեռուստաընկերությամբ ցուցադրվող կադրերում, ամենայն հավանականությամբ` ոչ պատահաբար, մինչ թարգմանությունը բավական երկար ու բարձր թողնված են թուրքերենով հնչող հարցերը.... ՀՀ Կառավարության շենքում, ՀՀ բյուջեի հաշվին բերված լրագրողների թուրքերեն հարցերը։
Փոփոխությունները ոչ թե մոտ են, այլ հենց հիմա ընթանում են! Վերը նշված բոլոր զարգացումները (և ոչ միայն) դրա ուղղակի վկայությունն են։ Եվ սրանից բխող կարևոր հարցադրումը` պատրա՞ստ ենք մենք` մեր հանրությունը, ժողովուրդը, Սփյուռքը, պատրա՞ստ է հայաստանյան ընդդիմությունը` իր ողջ պատասխանատվությամբ, ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ՍՊԱՍՎՈՂ ՍՑԵՆԱՐՆԵՐԻՆ...»
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյան