ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
17 Jun 2022

Պետություն՝ առանց ներկայի, իշխանություն՝ հանուն անցյալի

Պետություն՝ առանց ներկայի, իշխանություն՝ հանուն անցյալի

Փաշինյանի ամեն հաջորդ ելույթ խորհրդարանում ավելի ու ավելի է ամրապնդում այն գիտակցումը, որ նա նույնիսկ ոչ թե դավաճանական, այլ թշնամական թեզեր է առաջ մղում, երբ քեզ թվում է՝ նրա շուրթերով բարբառում է Ադրբեջանի նախագահը։ Դժվար է դավաճանություն կոչել ամբողջ կյանքի մտասևեռումը՝ Արցախից ամեն գնով ազատվելը, քանի որ դավաճանում են նվիրական գաղափարին։ Արցախը Փաշինյանի համար երբեք այդպիսին չի եղել, հետևաբար՝ նա իրեն պահում է ոչ թե իբրև դավաճան, այլ հենց ներքին թշնամի։ Փաշինյանի ու Ալիևի հայացքները, նախընտրություններն ու անգամ հակակրանքները նույն ուղղությամբ են, երկուսի թիրախում էլ առաջին արցախյան պատերազմի զորահրամանատարներն են։ Պարզապես Բաքուն նրանց համար գլխագին է խոստանում և միջազգային հետախուզում հայտարարում, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն ի կատար է ածում Ալիևի այդ ցանկությունը՝ նրանց սեփական երկրում դատապարտելով։

Ադրբեջանի բռնապետը դեռևս չի հաղթահարել անցած տասնամյակների ներքին կաշկանդվածությունն ու պարտվողականության գիտակցումը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ, այդ պատճառով շարունակաբար նրանց է անդրադառնում՝ իր արժանապատվությունից ցածր համարելով սեփական հաղթանակը տոնել Փաշինյանի նկատմամբ։ Նրա սրտի մեծագույն մխիթարանքը, իհարկե, իր հայ գործընկերոջ բեմադրած՝ Քոչարյանի և Սարգսյանի դատավարություններին հետևելն է։ Եվ, իհարկե, ցասումը պատում է Ալիևին, հավանաբար նաև Փաշինյանին, երբ երկրորդ և երրորդ նախագահները հաղթածի դիրքերից հակադարձում են նրան, և կամ ուղևորվում Ստեփանակերտ։ Ի՞նչ անի Փաշինյանը, երբ իրապես ողորմելի վիճակում է՝ ո՛չ կարող է Ալիևին հակադարձել, ո՛չ էլ առավել ևս Ստեփանակերտ մեկնել։

Խորհրդարանական վերջին նիստում Փաշինյանի այն թեզը, թե Արցախի հայության իրավունքների երաշխավորման դեպքում նրա ցանկացած կարգավիճակն ընդունելի է, և կամ էլ՝ թե ինքը չի կարող երաշխավորել, որ խաղաղության դարաշրջանն ամեն դեպքում կբացվի, նույնությամբ, առանց դույզն-ինչ չափազանցության, Ադրբեջանի Միլի Մեջլիսին հարիր ելույթներ են։ Վարչախմբի և՛ քայլերը, և՛ խոսքերը ծայրեիծայր համընկնում են Անկարայի և Բաքվի ակնկալիքներին և պահանջներին։ Բանակը ևս գլխատված է և պետության արտաքին անվտանգությունն ապահովելու փոխարեն՝ դարձել է մենիշխանի կամայականությունների և սահմանադրական ոտնձգությունների թիրախը։ Ցավոք, Գլխավոր շտաբում գերադասում են խուսափել պատասխանատվությունից և չնկատելու տալ իրենց բուն գործառույթի հիմնիվեր տապալումը։

Հայաստանի միջազգային հեղինակությունը, վարկանիշը, արտաքին գործընկերների հետ համատեղ աշխատանքի բնույթը հավասարվել է պետականազուրկ կազմավորման մակարդակի։ Որևէ բարեկամ կամ դաշնակից երկիր չի ուզում նման թույլ, անարժանապատիվ, անկանխատեսելի և լպրծուն գործընկեր ունենալ, որը պատրաստ է հանուն սեփական իշխանավարման երկարաձգման՝ միջազգային մակարդակի ստեր տարածել։ Որքան էլ մեր երբեմնի դերակատարումն այս տարածաշրջանում ծանրակշիռ էր, որևէ երկիր, որքան էլ ռազմավարական հարաբերություններ ունենա քեզ հետ, քո փոխարեն երբեք տիրություն չի անի ունեցածիդ։ Փաշինյանը երկիրն իրապես հասցրել է «աղքատ բարեկամի» կարգավիճակի, երբ շատերն անհոգաբար առաջարկում են դառնալ Ռուսաստանի մաս և վայրկենապես զրկվել այդքան թանկ գնով ձեռք բերված անկախությունից։

Ցավոք, պետությունը վաղուց դադարել է հանրային հոգածության առարկան լինելուց, բոլորի մտավարժանքների կենտրոնում այդ առաձգական և խիստ անորոշ «ժողովուրդն» է։ Իսկ ժողովրդի բարեկեցիկ կյանքն ապահովելու համար ընդհուպ մինչև թուրքահպատակություն է քարոզվում, թշնամու հետ բարեկամություն ու սիրախաղ։ Արցախի կորստի ցավը, որքան էլ դա անհավանական է թվում, մեղմվել է, և իր կենսազանգվածի որակները լավ ճանաչելով՝ Փաշինյանը հարկ եղած դեպքում կարող է դժգույն և դժբախտ որակել ցանկացած բնակավայր՝ Երասխը, Ոսկեպարը, Վարդենիսը, Գորիսը, Սևանն ու Երևանը։

Հայաստանը դարձել է պետություն՝ նույնիսկ ոչ թե առանց ապագայի, այլ առանց ներկայի։ Այս ընթացքն այլ բան չէ, քան անցյալի շարունակական վերարտադրություն։ Փաշինյանն անցած երեսնամյա հոռի քաղաքական ավանդույթների մեկտեղողը, դրանք կատարելագործողն ու հիրավի բացառիկ մակարդակի հասցնողն է։ Փոփոխության խոստումներ տալով և՛ 2018-ին, և՛ 2021-ին, լուսավոր ու պայծառ ապագա խոստանալով՝ նա այսօր անցյալը մարմնավորող ամենատիպիկ գործիչն է։ Փաշինյանն ինքնին խոսող և գործող անցյալն է, մութը, խավարը, կղերը, հետադիմությունն ու բռնապետությունը։ Նրա հեղինակած տրագիֆարսում իր փանջունիակերպ հերոսը գալիս է անցյալը խորտակելու կարգախոսներով, բայց խոստումներին տեր կանգնելու փոխարեն՝ դառնում է մեծագույն ազգային աղետի և կործանված բարքերի ապաշնորհ մարմնավորողը։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան