ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
05 Jul 2022

Նոր արհավիրքների տենդագին սպասումով

Նոր արհավիրքների տենդագին սպասումով

Թեև Դիմադրության շարժումը չհասավ վերջնանպատակին և մղվեց տեղատվության փուլ, ամեն դեպքում շատերի համար վերահաստատեց մի շարք պարզ ճշմարտություններ։ Օրինակ այն, որ անցած չորս տարում իշխանությունը հետևողականորեն մաշեցրել է երիտասարդության ազգային ինքնության կոդը՝ կրթության մեջ այն հասցնելով ինստիտուցիոնալ մակարդակի, հընթացս ազատվել է նաև պատվախնդիր զինվորականության, հատկապես գեներալների հնարավոր դիմադրությունից՝ կազմալուծելով ու վարկաբեկելով բանակի ինստիտուտը։ Իշխանախումբը մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերությունները տապալել է միայն սեփական պաշտոններն ստանձնելու ուժով։


Վարչապետը, նրա աշխատակազմի ղեկավարը, ԱԺ նախագահն ու երկու փոխնախագահները, ԱԳ նախարարն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը նախկինում ոչ մեկ անգամ էին աչքի ընկել հակառուսական ակցիաներին իրենց մասնակցությամբ, հասցրել էին նույնիսկ ռուսական դրոշ այրել։ Մոսկվան անգամ չցանկացավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին որպես արտաքին գործերի նախարար տեսնել, իսկ Արցախի երբեմնի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի մուտքը Մոսկվա պարզապես արգելված էր։


Հայաստանի և Արցախի բարձրագույն պաշտոնեությունը, ստացվում է, դեռևս մինչև պատերազմը մեզ դիվանագիտորեն մեկուսացրել էր, մեր կարգավիճակը դարձրել խղճուկ ու ողորմելի։ Իշխանության մեջ վխտացող սորոսական թևի ակտիվությանը շարունակաբար հղում անելով՝ Մոսկվայից հասկացնում էին, թե Երևանում գունավոր հեղափոխությունների գիտագործնական սեմինար է անցկացվում՝ ի տես հետխորհրդային այլ երկրների։ Պատերազմից առաջ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել էր Ռուսաստանի բացասական չեզոքության համար, այն դեպքում, երբ 2016-ի քառօրյա պատերազմը հնարավորինս արագորեն կանգնեցվեց հենց Ռուսաստանի նախաձեռնությամբ ու նրա ջանքերով։


Քանի դեռ չի քողազերծվել կարևորագույն հանելուկի պատասխանը՝ այն, թե ինչո՞ւ Փաշինյանը ո՛չ դադարեցրեց պատերազմը, ո՛չ էլ այդ ընթացքում հրաժարական տվեց, իրականությունը մնալու է ստվերում։ Երբեմն թվում է, թե Փաշինյանն անգամ սեփական ընտանիքից կհրաժարվի, վկան՝ անցած տարի որդուն Բաքվին հանձնելու սուտ խոստումը, բայց երբեք չի թողնի իր աթոռը։ Ապագայում անխուսափելիորեն կպարզվի, թե նա թշնամու հետ ինչ ենթադրյալ գործարքների կամ դավադրության մասնակից է, բայց այսօր փաստն այն է, որ հայոց պետությունը վերջին հարյուր տարում իր գոյությունը պահպանելու ամենաճակատագրական ճամփաբաժանի շեմին է, հայ ժողովուրդը՝ ամենապատվազուրկ վիճակում։ Փաշինյանի ֆենոմենը չի տեղավորվում ո՛չ մարդկային, ո՛չ ազգային տրամաբանության մեջ՝ նրա ո՛չ խոսքը, ո՛չ էլ վարքը չեն կարող բացատրվել ապիկարության կամ պատահականության հանգամանքներով։ Ճակատագրի հեգնանքով կարո՞ղ է մեկնաբանվել, օրինակ, այն, որ և՛ պատերազմի ընթացքում, և՛ դրան հաջորդած մի քանի ամսում կանոնավոր զորքը հրամանատարության կողմից բացառապես նահանջի հրամաններ է ստացել, թե՞ դա հմտորեն ծրագրված դավադիր պայմանավորվածության, փաստացի՝ դավաճանության արդյունք է։


Փաշինյանի բերած մեծագույն աղետը պետության գլխին միգուցե ոչ այնքան պատերազմում մեր պարտությունն էր, որքան այդ պատերազմի գիտակցված հրահրումը։ Ըստ ամենայնի, նա չկարողացավ ամբողջապես ազատվել իրեն այդքան տհաճություն պատճառած «գլխացավանքից»՝ Արցախից, այդ պատճառով նոր վտանգներն ու արհավիրքները միայն առջևում են՝ Արցախի ամբողջական օտարումից մինչև «Զանգեզուրի միջանցքի» ուժային ձևավորում։ Իլհամ Ալիևի հետպատերազմյան բոլոր կանխատեսումները ցավալի ճշգրտությամբ իրականացել են, և երբ նա մեծ վստահությամբ խոսում է «Արևմտյան Զանգեզուրի», իրականում՝ Սյունիքի մարզի մասին, արտասահմանյան ներդրողների է հրավիրում մեր ինքնիշխան տարածք, պնդում, թե պետք է թրատել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ոսկորի պես խրված Սյունիքը, հայաստանյան անգործունակ իշխանությունը դրան որևէ հոդաբաշխ հակադարձում չի էլ անում։


Փոքրիշատե ողջախոհ հանրության համար Փաշինյանի ծրագիրն ակնհայտ էր ի սկզբանե։ Պատերազմից առաջ նրա թիմը դպրոցական դասագրքերից հետևողականորեն հեռացնում կամ վերախմբագրում էր ազգային թեմաները, այդ թվում՝ Մեծ եղեռնը, թուրքական պատվիրակությունների հետ համատեղ ձեռնարկներ էին հրատարակում՝ թաքնվելով գլոբալիզացիոն կամ խաղաղասիրական նախագծերի անվան տակ։ Ազգային նկարագրի խեղաթյուրման արդյունքը պատերազմի նման հետևանքների նկատմամբ հանրային անընդունելի անհաղորդությունն է։ Իսկ Փաշինյանի իշխանավարման շարունակման դեպքում ամեն հաջորդ հանգրվան շատ ավելի ցավալի է լինելու՝ գլխիկոր ու անպատիվ ոչ միայն թշնամի Թուրքիայի և Ադրբեջանի, այլև գործընկերներ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի և դաշնակից Ռուսաստանի առջև։


Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան