Հարթակային ընդդիմությունը՝ մեծ ճամփաբաժանի շեմին
Դիմադրության շարժումը վերջնականապես չվիժեցնելու համար՝ հարկ է ընդունել, որ ընդդիմությունը պետք է տրամագծորեն փոխի իր օրակարգը, մեթոդաբանությունն ու դեմքերին։ Արդեն երկրորդ անգամ է՝ հարթակը դեռևս չի կարողանում հասնել հիմնական նպատակին՝ վարչապետի հրաժարական, անցումային կառավարության ստեղծում, մթնոլորտի լիցքաթափում, իսկ որոշ ժամանակ անց՝ արտահերթ ընտրությունների անցկացում։ 2021-ին ընդդիմությունն ստիպված համաձայնեց իշխանության սցենարին՝ արտահերթի անցկացմանը: Եվս մեկ անգամ նման լուծման գնալն աղետաբեր և կործանարար կլինի և՛ քաղաքական դաշտի, և՛ պետության համար։ Որքան էլ ցավալի է գիտակցել, Փաշինյանն անհոգաբար պարտադրում է սեփական օրակարգն ու կամքը ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր դաշտին։
Մեկամյա վաղեմության արտահերթը նշանակվեց «Հայրենիքի փրկության շարժման» ճնշման ներքո և մի շարք հանրային ու ազգային ինստիտուտների՝ Փաշինյանի հրաժարականի կոչերի արդյունքում, այլ կերպ ասած՝ նա գնաց կիսալուծման՝ վստահ լինելով սեփական վերարտադրման հարցում։ Դրա այլընտրանքը 2023-ի դեկտեմբերին հերթական խորհրդարանական ընտրության անցկացումն էր։ Այս պահի դրությամբ, սակայն, հաջորդ համապետական ընտրությունը կայանալու է միայն չորս տարուց՝ 2026-ի հունիսին։ Եվ ահա՝ ներքաղաքական բևեռացումը թոթաթելու համար Փաշինյանն ինչ-որ փուլում դարձյալ կարող է առաջարկել «չարյաց փոքրագույնը»՝ իր առաջնորդած մի նոր արտահերթը։ Պարզ է, որ այն ևս չի հանգուցալուծելու ճգնաժամը, որքան էլ ցածր լինի ՔՊ-ի վարկանիշը, քանի դեռ կազմակերպողը գործող իշխանությունն է։
Փաստն այն է, որ Փաշինյանը զուրկ է իր «պողպատե մանդատը» որևէ տեղ իրացնելու գործուն հնարավորությունից, նրա մտասևեռումը բացառապես սեփական անվտանգությունն ու իշխանավարման երկարաձգումն է։ Ամեն անգամ կառավարական մի շենքից մյուսն ուղևորվելիս հարյուրավոր ոստիկաններ, հատուկ նշանակության զորքեր և անգամ դիպուկահարներ տեղակայելով՝ նա չի կարող երկար մնալ այդ պաշտոնին։ Միաժամանակ՝ բացարձակ իմաստ չունի հույս դնել Փաշինյանի ողջախոհության վրա։ Հայաստանում և Սփյուռքում իր հանդեպ դժգոհության նման աննախադեպ ծավալներ էլ տեսնելով՝ նա ինքնակամ չի լքելու վարչապետի աթոռը, թեկուզ միայն այն պատճառով, որ չունի, օրինակ, հրաժարական տված նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի քաղաքական խիզախությունն ու արժանապատվությունը։ Մեկ տարի առաջ նա կարողացել է «հնազանդեցնել» անգամ բանակի սպայակույտին, հետևաբար՝ համոզված է սեփական ամենազորության հարցում։
Դե իսկ մի նոր արտահերթի նշանակումը, օրինակ, առաջիկա աշնանը կարող է արդեն երկրորդ անգամ Փաշինյանի «վերալեգիտիմացման» կենարար աղբյուր դառնալ։ Բնականաբար, գործի կդրվեն հնարավոր բոլոր վարչական ռեսուրսները՝ շատ ավելի մոլեգնորեն, քան 2021-ի հունիսին։ Այս իշխանության սիրելին դարձած Տիգրան Մուկուչյանն անխռով կերպով պաշտոնավարում է, ասես նա չէր նախկին իշխանության օրոք մի քանի համապետական ընտրությունների խախտումների կազմակերպիչը, ինչի մասին այդքան խոսում էր Փաշինյանը։ Բայց նա ոչ թե տուն ուղարկվեց, ինչպես, օրինակ, Վլադիմիր Գասպարյանը, կամ բանտ, ինչպես Աղվան Հովսեփյանը, այլ մնաց պաշտոնի, ինչպես Արթուր Դավթյանը։
Ի դեպ, քաղաքական աշունը կարող է իրապես թեժ լինել, եթե իշխանությունը գնա նման ճարահատ կիսաքայլի, վարչական ռեսուրսով կեղծի ընտրությունները, ապա իրապես համաժողովրդական փողոցային շարժում ձևավորվի։ Այս անգամ ծավալուն հետընտրական զարգացում, ի տարբերություն 2021-ի, կարող է լինել, միայն թե այդ դեպքում Փաշինյանն ամեն կերպ իր ավանդական զինանոցով քաղաքացիական բախումներ է հրահրելու և ընդհուպ փորձելու է արյուն հեղել։ Սա նրա անփոփոխ ձեռագիրն է, ընդ որում՝ անգամ ներքին բախումներից ու արյուն թափելուց հետո հստակ չէ՝ նա կհեռանա՞, թե՞ ոչ։ Հետևաբար միանշանակ է, որ Դիմադրության շարժումը որևէ դեպքում չպետք է համաձայնի Փաշինյանի խմբակի կազմակերպելիք նոր արտահերթ ընտրությանը և այն իր ուզած սցենարով իրագործելուն։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ազդարարել է, որ ընդդիմադիր շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանն այսօր խոսելու է պայքարի վերամեկնարկի, նոր սկզբի և թարմացված մարտավարության մասին։ Սպասվող հանրահավաքը խոստանում է իրապես ուշագրավ ուղերձներ փոխանցել և՛ հանրությանը, և՛ իշխանությանը, և՛ միջազգային գործընկերներին։ Եթե հաշվի առնենք այն, որ Փաշինյանի վարկանիշը հերթական հակառեկորդի շեմին է, և անգամ իր երբեմնի համախոհներն են հոգնել նրա պարզունակ ստերից, անկախ նրանից՝ փողոց դուրս գալիս են, թե ոչ, նոր սկիզբը կարող է իրապես հզոր մոբիլիզացիայի աղբյուր դառնալ։ Փաշինյանի ներկայությունն իշխանության ղեկին և առհասարակ քաղաքական դաշտում այլևս որևէ մեկի համար հանդուրժելի չէ, մնում է հասկանալ՝ ի՞նչ մեխանիզմով գործարկել նրան հեռացնելու հետհաշվարկը։
Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան