«Հումանիտար միջա՞նցք», թե՞ քաղաքական լուսանցք․ ի՞նչ կընտրի Փաշինյանը
Խորհրդարանական ճգնաժամի առաջացմանն ու կառավարող խմբակցության տրոհմանն ակնհայտորեն խանգարում է մի զորեղ հանգամանք՝ ՔՊ-ականները վախենում են իրենց անվտանգության երաշխիքների հնարավոր կորստից, մյուս կողմից էլ՝ Փաշինյանն է հուժկու սպառնալիքներով նրանց պահում իր թիմում։ Արդյունքում՝ ՔՊ-ական երեսփոխանները, որոնք էլ, մեծ հաշվով, պետք է անվստահություն հայտնեն վարչապետին և աջակցեն նոր թեկնածուի քվեարկության հարցում, անկյուն են մղված, բայց նաև բյուրեղացել են և գործում են նույն նավում գտնվելու, իրար պաշտպանելու տրամաբանությամբ։
Նույնիսկ ժամանակին ՔՊ-ն լքած գործիչները, օրինակ՝ Վարագ Սիսեռյանը, իշխանության համար նման օրհասական վիճակ ստեղծվելու բերումով դարձյալ վերադառնում են շարքեր և պաշտպանում իրենց երբեմնի առաջնորդին։ Այսինքն՝ կուսակցությունը կամ խմբակցությունը լքելը դեռևս «մեծ դարձի» վկայություն չէ։ Սակայն ակնհայտ է նաև, որ Դիմադրության շարժման թափառքը, Փաշինյանին պաշտոնանկ անելու որոշման հարցում հասարակական-քաղաքական դաշտի «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակը տրամադրություններ է փոխել նաև իշխող խմբակցության ներսում, որքան էլ դա փորձեն թաքցնել։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը ևս պետք է բավականաչափ ճկունություն դրսևորի, ընդհուպ մինչև՝ իրավիճակից ելնելով՝ կոշտացնի նախընթաց դիրքորոշումը՝ վերջնանպատակին հասնելու համար։
Պարզ է միայն մեկ բան՝ ոչ մի դեպքում չի կարելի համաձայնել որպես միջանկյալ լուծում առաջարկվելիք նոր արտահերթ ընտրությունների տարբերակին՝ Փաշինյանի վարչապետությամբ։ Անցած տարի այդ խայծն արդեն կուլ է տրվել, և 2023-ի փոխարեն՝ այժմ հերթական ընտրությունը 2026-ին է։ «Հայրենիքի փրկության շարժման» երկամսյա գործողություններն ի վերջո պսակվեցին անհեռանկար քայլով՝ արտահերթի անցկացման շուրջ խորհրդարանական երեք ուժերի պայմանավորվածությամբ, ինչն ի սկզբանե պայքարի ձախողում էր նշանակում։ Պարզ է, որ այս անգամ հարթակային ընդդիմությունը պետք է հաջողի անցումային վարչապետ ընտրել և նոր միայն գնալ արտահերթի կազմակերպման։
Միանշանակ է, որ այդ դեպքում Փաշինյանի ուժը ոչ միայն չի կարող վերընտրվել, այլև անգամ խիստ կասկածելի է խորհրդարան որպես ընդդիմություն անցնելու նրա հեռանկարը։ Ի վերջո, Դիմադրության շարժման անկասելի ընթացքը կարող է իշխանությանը մղել կես քայլանոց կոմբինացիայի՝ նոր արտահերթ ընտրության խոսույթի բացման, որը պետք է բնում խեղդվի։ Առանց այդ էլ՝ վերջին մեկուկես տարում ընդդիմությունը դիմել է Սահմանադրությունից բխող հնարավոր բոլոր միջոցներին, և անկախ արդյունքից՝ պետք է արժանին մատուցել պայքարի առաջնագծում գտնվող գործիչներին, որոնք առնվազն արթուն են պահում Արցախի օտարման անթույլատրելիության թեզը։ Ի հակադրություն դրա՝ իշխանությունը, օրեր առաջ արևմտյան դեսպանատներից քարտ-բլանշ ստանալուց հետո, առավել անզիջում է դարձել և վստահ՝ սեփական թվացյալ անսխալականության հարցում։ Նյարդերի այս պայքարում կայծակնային լուծումներ չեն կարող լինել, որքան էլ տասնյակ հազարավոր անձինք դա պահանջեն։ Ցավալին այն է, որ այդ ընթացքում առանց այն էլ խարխուլ պետական ինստիտուտներն ավելի են քանդվում ու կազմալուծվում, արտագաղթի տրամադրությունները՝ խորանում։
Հանրությունը կարիք ունի ոչ թե սոսկ հանդարտության ու ներքաղաքական ճգնաժամի՝ ամեն գնով հանգուցալուծման, այլ այս իշխանության հեռացման և դատապարտման խնդրի վերջնական լուծման՝ առանց այն մի նոր շարժման կամ արտահերթ ընտրության թողնելու։ Ավելին, իշխանափոխությունից հետո պետք է լրջորեն դիտարկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կառավարմանն իրավաքաղաքական գնահատական տալու, անհրաժեշտության դեպքում՝ ՔՊ-ն կասեցնելու նպատակահարմարությունը։ Նրա մասնակցությունը, թեկուզ որպես ընդդիմադիր գործչի, ցանկացած նոր ընտրության՝ նշանակելու է 44-օրյա պատերազմի և մեծ հայրենազրկման մասին ստերի ու մանիպուլյացիաների նորանոր չափաբաժիններ, մթնոլորտի թունավորում և ատելության խոսք։
Ի վերջո, պատերազմից մինչև սեփական «աջակցության» հանրահավաք կեղծած գործիչը կանգ չի առնի ոչնչի առջև։ Նույնիսկ նրա ֆորմալ ներկայությունը քաղաքական դաշտում նշանակում է, որ հայ ժողովուրդը դեռևս հանդուրժում է պարտության լեգիտիմացումը։ Վերջապես, հայաստանյան նոր իշխանության կազմավորումը որքան ներքին, նույնքան էլ միջազգային հետաքրքրություն է ներկայացնելու, դրան համակ ուշադրությամբ հետևելու են մեր բարեկամներն ու թշնամիները՝ հասկանալու, թե ի վերջո հայ ազգը զարգացման ինչ ուղի է ընտրում՝ շարունակո՞ւմ է բարոյապես ոչնչանալ իբրև հավաքականություն, թե՞ շտկում է մեջքը, վերականգնում կորուստները, տեր կանգնում ունեցածին ու նպատակադրվում վերանվաճել կորցրածը։
Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան