ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
20 May 2022

Դռնեդուռ ընկած աշխարհաքաղաքական մուրացիկը

Դռնեդուռ ընկած աշխարհաքաղաքական մուրացիկը

Նորօրյա Տիզբոնից՝ Մոսկվայից, վերադառնալուց հետո Հայաստանն աշխարհաքաղաքական աճուրդի հանած Փաշինյանը հիմա էլ Բրյուսել է ուղևորվում՝ այս անգամ հանդիպելու իր գործակցին՝ Իլհամ Ալիևին։ Հայաստանի փաստացի ներկայացուցչի առջև պետական դրոշ է դրվում, այսինքն՝ արարողակարգային պայմանականությունները պահպանվում են, բայց վաղուց ակնհայտ է, որ Հայաստանն՝ իբրև միջազգային իրավունքի սուբյեկտ, առնվազն մեկուկես տարի է՝ իսպառ զուրկ է ինքնիշխանության երբեմնի մակարդակից։ Ավելին՝ Հայաստանի ապաշրջափակման անվան տակ մեր երկիրն իրականում դուրս է մնում տարածաշրջանի վերջին հաղորդակցական ուղիներից և ավելի է կքում թուրք-ադրբեջանական շրջափակման տակ։

Ռուսաստանը շարունակում է պնդել, թե Հայաստանում իշխանափոխության համար պայքարը ՀՀ քաղաքացիների ներքին գործն է, և միայն Թուրքիան ու Ադրբեջանն են անթաքույց աջակցություն հայտնում Փաշինյանին՝ հասկացնելով, որ որևէ այլ իշխանության հետ չեն բանակցի։ Թշնամական գործակալի ավելի ակնառու որակներ դժվար է պատկերացնել։ Ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ակնհայտորեն արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի գործող իշխանության, հետևաբար՝ նաև պետության նկատմամբ, բայց այդ «բացն» արագորեն լցնում են Բաքուն ու Անկարան։

Իրականում այսօր Երևանի փողոցներում և Ֆրանսիայի հրապարակում ծավալվող շարժումն ուղղակի կապ ունի ոչ միայն և ոչ այնքան իշխանափոխության, որքան Հայաստանի զարգացման վեկտորի ընտրության, հետևաբար՝ նաև տարածաշրջանի, այն ռուսաստանյան կամ թյուրքական պատասխանատվության գոտի դարձնելու, առհասարակ՝ նոր բաժանարար գծերի, ընդհուպ մինչև՝ նոր լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորության հետ, հետևաբար՝ հավասարապես վերաբերում է նաև արտաքին խաղացողներին։ Միայն իշխանափոխության դեպքում անխուսափելիորեն հարուցվելիք քրեական գործերի հիման վրա լայնորեն հայտնի կդառնա, թե, օրինակ, ո՞ւմ կողմից և ինչո՞ւ է հրահրվել 44-օրյա պատերազմը, ինչո՞ւ այն չի դադարեցվել ռուսական կողմի առնվազն երկու առաջարկների հիման վրա։

Քանի դեռ Փաշինյանն իշխանության է, կամակատար իրավապահ համակարգն անմռունչ կերպով իրագործում է նրա ապօրինի հրամաններն ու ցուցումները, այս էլ՝ արդեն չորս տարի։ Փաշինյանի տապալման դեպքում պարտության և հազարավոր զոհերի ռազմաքաղաքական մեղավորներն ու պատասխանատուները չեն կարող խուսափել վերահաս քրեաիրավական պատասխանատվությունից։ Այդ պատճառով էլ Փաշինյանն ատամներով կառչած է սեփական աթոռից, քանի որ հասկանում է՝ ո՛չ դրսում, ո՛չ էլ երկրի ներսում նրան անվտանգության երաշխիք տվող չկա, և վաղ թե ուշ՝ պատասխան է տալու զոհերի և հայրենազրկման համար։ Որքան էլ սիրախաղեր բանեցնի Մոսկվայի կամ Բրյուսելի, Փարիզի կամ Վաշինգտոնի, էլ չասած՝ Բաքվի և Անկարայի հետ, հասկանում է, որ այս արևի տակ որևէ ապահով թաքստոց չկա, և անխուսափելի իշխանափոխությունից հետո կնոջ հետ քրեորեն հետապնդվելու է, շատ հնարավոր է՝ ընդհուպ ցմահ ազատազրկման է դատապարտվելու, քանի որ հասցրել է Քրեական օրենսգրքի տասնյակ հոդվածներ շալակել։

Սեփական հրաժարականի պահն ավելի ու ավելի երկարաձգելով՝ Փաշինյանը գնալով մոտենում է անդառնալիության կետին, որից նահանջի հնարավորություն այլևս չունի։ Զոհերի ծնողների ենթադրյալ վրեժը նրա մղձավանջն է, այդ պատճառով էլ վերջին օրերին պատվիրել է հատկապես թիրախավորել պատերազմի նահատակների՝ իրեն ընդդիմախոսող բարեկամներին, նրանց անգամ ձերբակալում ու կալանավորում է։ Միով բանիվ՝ Հայաստանի զարգացման վեկտորը, հետպատերազմյան վերականգնման ծրագիրը կյանքի կոչելու փոխարեն՝ Փաշինյանի միակ մտասևեռումն այս պահին սեփական իշխանության անվտանգ երկարաձգումն է։ Դրա համար նա չի խորշում անգամ ՀԱՊԿ զորքեր խնդրել Պուտինից, սակայն, բնականաբար, մերժվում է։

Վարչապետի անգո աթոռի բացակայության պայմաններում, պարզ է, պարալիզված են և՛ կադրային, և՛ խորհրդարանական դիվանագիտությունը։ Փաշինյանը՝ որպես սեփական ուսապարկային խմբակցության գլխավոր խմբավար, խորհրդարանական երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը հավասարեցրել է զրոյի։ Ազգային ժողովում վաղուց այլևս որևէ քաղաքական միտք չի գեներացվում։ Եթե քաղաքական մեծամասնության պատգամավորները պետական մտածելակերպ ունենային, վաղուց հանգուցալուծած կլինեին մեկուկես տարի շարունակվող կառավարման ճգնաժամը, բավական կլիներ ընդամենը պարտված վարչապետին անվստահություն հայտնելն ու գոնե սեփական կազմից այլ մեկին վարչապետի թեկնածու առաջադրելը։

Այն միամիտներին, որոնք դեռ հարցնում են՝ իշխանախումբը հիմա՞ր է, թե՞ դավաճան, կարելի է ի մի բերել և շարադրել անցած չորս տարվա պետականակործան ընթացքի դրվագները, ինչից կերևա, որ շատ ավելի ճշմարտանման է միտումնավոր դավաճանական մեծ ծրագրի իրագործման թեզը:

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան