ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
10 May 2022

Ազատագրել ուսադիրավորներին ներքին գերությունից

Ազատագրել ուսադիրավորներին ներքին գերությունից

Կա՞ հանրային, քաղաքական, մշակութային գեթ մեկ ծանրակշիռ կառույց կամ հաստատություն, որը պատերազմից հետո դեռևս չի մերժել Նիկոլ Փաշինյանին։ Կարծես թե ոչ։ Ընդդիմությունից մինչև Զինված ուժերի Գլխավոր շտաբ, Մայր բուհից մինչև այլ կառույցներ՝ այս մեկուկես տարում արտահայտել են իրենց միանշանակ դիրքորոշումը։ Ընդ որում, եթե շարքային քաղաքացին կենցաղային մակարդակում է գնահատական տալիս օրվա իշխանությանը, հիմնականում՝ սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով, պարզ է, թե ինչ համակողմանի վերլուծություն է անում, օրինակ, Գլխավոր շտաբը, և նոր միայն իշխանափոխություն պահանջում։ Պաշտոնաթող զինվորականության ելույթների կարմիր թելն այն է, որ 44-օրյա պատերազմում իշխանությունն ապիկարության կամ դավաճանության արդյունքում զրոյացրեց բանակի և հասարակության միասնականությունը, չհավաքագրեց առկա ներուժն ու Զինված ուժերի համար անհրաժեշտ թիկունք չապահովեց, չհամալրեց զորքերը՝ փաստացի միայնակ թողնելով զինվորին ու սպային։

Ոչ վաղ անցյալում Փաշինյանն իր դեմ դուրս եկած բանակի սպայակույտին հրահանգներ էր տալիս հրապարակից, այլ ոչ թե աշխատասենյակից։ Սա ամբոխահաճության դասագրքային օրինակ է, երբ ոլորտային կառավարմանը, այն էլ՝ Զինված ուժերի, մասնակից ես դարձնում մարդկանց, որոնք նման իրավասությունից զուրկ են։ Ավելին՝ նրանց կերակրում ես բանակի թիկունքային ապահովման մասին դյուրամարս կեղծիքներով։ Արդյունքում՝ Փաշինյանը գլխատեց Զինված ուժերն ու այն հետևողականորեն տանում է կազմաքանդման, բարոյալքման ճանապարհով։ Ամեն դեպքում, իր ինստիտուցիոնալ հիշողության հաշվին բանակը, անհասկանալի փոխակերպումներին մի կերպ դիմանալով, այսօր էլ պետականության հենասյունն է՝ կարոտ ուժեղ և կենտրոնաձիգ կառավարման։

Փաշինյանն իր աջակիցներին մասնակիցը դարձրեց զորքերի կառավարմանը՝ այդպիսով կոպտորեն ոտնահարելով բանակի հրամանատարական ուղղահայացի տրամաբանությունը։ Բայց եթե Զինված ուժերի հարցում նա բացարձակապես չի ընկալել, թե ով է հրամանատարը, ինչ է միանձնյա ղեկավարումը, կամ էլ ինչ ընթացակարգերով են ընդունվում ռազմական որոշումները, ապա արագորեն սերտել է ոստիկանության զորքերի «նպատակային նշանակությունը», այն է՝ ապահովել սեփական անձի, ընտանիքի և կեցավայրի պաշտպանությունը։ Ոստիկանական ուժերը նրա համար, փաստորեն, ոչ թե հավաքների ժամանակ հասարակական կարգը պահպանելու, զանգվածային անկարգությունները կանխելու, սադրանքները բացառելու, այսինքն՝ իրենց սահմանադրական նպատակի, այլ բացառապես սեփական անվտանգությունն ապահովելու համար են։

Ոստիկանության զորքերի լոյալությունը «գնելու» միջոցն էլ, իհարկե, նրանց առատ պարգևավճարներ, որոշ տվյալներով՝ անգամ օրական հավելավճարներ նշանակելն է։ Սա այն նույն անձն է՝ բանակից խուսափած, որն անթույլատրելիորեն շահարկում էր պայմանագրային զինծառայողների, սպաների աշխատավարձի բարձրացման թեման, փորձում դա իբրև լավություն ներկայացնել, այն դեպքում, երբ դա իր ուղիղ պարտականությունն է։ Սա այն նույն անձն է, որն իր իսկ ձեռամբ Հայաստանի ազգային հերոսի կոչում ստացած գեներալ-լեյտենանտին ազատում է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից՝ մի անզգույշ ծիծաղի, իր ասած մի անհեթեթությունը չմեկնաբանելու համար։

Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ բանակը չպետք է անհավասարակշիռ վիճակում գտնվող կիսախելագարի անձնական տրամադրության տակ լինեն կամ ճնշված վիճակում մնան։ Իրապես համաժողովրդական մոբիլիզացիայի, հարյուր հազարավոր ցուցարարների՝ պահի լրջությունը գիտակցելու, հանրապետության քաղաքների փողոցները ողողելու և իշխանության հրաժարականը պահանջելու դեպքում առաջնահերթորեն հենց բանակն ու ոստիկանությունը «կազատագրվեն» անընդունելի հրամանների կատարման բեռից, բանակը՝ դիրքային նահանջների, ոստիկանությունը՝ բիրտ ուժ կիրառելու։ Կարևոր է գիտակցելը, որ Դիմադրության շարժման առաջին շահառուներից մեկը, բազմաթիվ այլ կառույցների կողքին, հենց բանակն է, այն ժողովրդինն է և աջակցություն է հայցում՝ խնդրելով իրեն մենակ չթողնել։ Հայկական բանակը բազմիցս ապացուցել է, որ կարող է հաղթել արտաքին թշնամուն, եթե թիկունքից հարված չստանա։ Եվ ուրեմն՝ ոչ մի դավադիր ուժ չի կարող և չպետք է վախեցնի կամ ճնշի հայկական զինուժին։

Վարչապետի աթոռը դեռևս զբաղեցնողն իր իրավիճակային որոշումներով, որոնք առավելապես սեփական պաշտոնավարման երկարաձգմանն են միտված, ամեն պահի նորանոր սպառնալիքներ է ստեղծում երկրի անվտանգությանն ու պաշտպանունակությանը։ Սեփական ժողովրդի առջև մի քանի անգամ միանձնյա պատասխանատվություն ստանձնած անձն արդյոք իրավունք ունի՞ նման անմեղսունակ վարքագիծ դրսևորելու, ակնհայտորեն ոտնահարելու և դավաճանելու ազգային և պետական շահը՝ մտասևեռվելով բացառապես իշխանությունն ատամներով պահելու խնդրի վրա։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան