Դասալիք կապիտուլյանտը՝ ինքնահռչակ գերագույն հրամանատա՞ր
Երկուսուկես ամիս է՝ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանը չունի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, ասել է թե՝ բանակն անգլուխ է։ Դա, թերևս, Ալիևի՝ Փաշինյանին առաջադրած հերթական նախապայմանն է՝ հնարավորինս երկարաձգել երկրի գլխավոր զինվորականի նշանակումը։ Որոշ բացառություններով՝ վերջին մեկ տարում Գլխավոր շտաբի ղեկավար պաշտոններին՝ պետի պաշտոնակատար, տեղակալներ, վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ, բախտի բերմամբ գեներալի ուսադիրներ ստացած մի խումբ պատեհապաշտներ են հայտնվել՝ պատահական մարդիկ, որոնց համար շատ ավելի կարևոր է կապիտուլյանտ գերագույն հրամանատարին հոտնկայս դիմավորելը, քան սպայի պատիվն ու հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու մասին ժամանակին իրենց տված զինվորական երդումը։ Փառք Աստծու, միջին սպայակազմում դեռևս բավարար թվով նվիրյալ զինվորականներ կան, որոնց հենքի վրա էլ բանակը, թեև վիրավոր ու բարոյալքված, շարունակում է մարտական խնդիրների իրականացումը։
Անցած չորս տարում բանակի համար անընդունելի արագությամբ փոփոխված հրամանատարական կազմը, որոշ գեներալների խոստովանությամբ, դեռևս պատերազմի օրոք փորձել է իրեն գերագույն հրամանատար հռչակած դասալիքին զեկուցել, որ իրավիճակը ծայրաստիճան մտահոգիչ է, պետք է ճիշտ եզրահանգում կատարել և արագորեն կանգնեցնել մարտերը։ Փաշինյանը ո՛չ պատերազմի օրոք, ո՛չ էլ դրանից հետո հրաժարական չի տվել՝ հետագայում բազմիցս խոստովանելով, որ իրավիճակի հանգուցալուծումը, փաստորեն, իր ուժերից վեր էր, ավելին՝ իբր ամեն ինչ կանխորոշված էր դեռ տարիներ առաջ, ճիշտ է՝ «առանց զոհերի»։ Փոխարենը՝ նա տարվեց իրեն այնքան հոգեհարազատ պոպուլիզմով՝ պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ հանրությանը հուսադրելով, թե մենք ի զորու ենք ջախջախելու ոչ միայն ադրբեջանական, այլև անգամ թուրքական զինուժին։
Փաշինյանի մեղքը կրկնակի է՝ նախ արցախյան հիմնահարցի բանակցությունները փակուղի մտցնելու և դիվանագիտական ճանապարհով այն հանգուցալուծելու հնարավորությունը վիժեցնելու, այդպիսով՝ թշնամուն պատերազմի դրդելու, ապա և՝ դավադրության արդյունքում երկիրն անձնատվության առաջ կանգնեցնելու փաստի ուժով։ Նրա ցինիզմն ու ստորաքարշությունը բավեցին, որ պարտությունից հետո անգամ հայտարարի, թե իբր «մեր որոշ զինվորականներ երազում էին պարտության մասին»։ Կասկածելիորեն խուսափելով զինծառայությունից՝ նա, պարզ է, երբևէ չի կարող ընկալել դիրքապահ զինվորի ու սպայի առօրյան ու հոգսը, ավելին՝ «սարի գլխին այդ զինվորների» անհրաժեշտությունն էլ չի տեսնում։ Եթե չդասալքեր, երևի կհասկանար, որ ցանկացած բարձրաստիճան զինծառայողի համար բանակը զավակի պես է, իսկ ծնողը չի կարող զավակին մահ ցանկանալ։
Չորս տարի գտնվելով երկրի կառավարման ղեկին՝ Փաշինյանը չի ընկալել ո՛չ Զինված ուժերի, ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ ԱԱԾ-ի նպատակային նշանակությունը։ Բոլոր տեսակի զորքերը նրա համար բացառապես անձնական անվտանգության խնդրի լուծման առարկա են, այդ թվում ՊՆ-ն՝ իր թաքստոցով։ Աղետալի պարտությունից հետո նա ոչ միայն չի վերագնահատել բանակի իրական նշանակությունը, այլև շարունակում է դրա կազմաքանդման անդուլ ջանքերը։ Անցած տարվա ռազմական հեղաշրջման անհաջող փորձի օրերին նա ինտենսիվորեն միմյանց դեմ էր հանում ուժային կառույցներին՝ հաշվի չառնելով անգամ ռեսուրսների և միջոցների անհավասարությունը։ Երևի ենթադրում էր՝ կարող է ոստիկանությամբ կամ ԱԱԾ-ով դուրս գալ բանակի և գեներալիտետի դեմ։
Ցավոք, նույնիսկ դրա կարիքը չեղավ, սպայակույտի անդեմ որոշումների արդյունքում Փաշինյանն ի վերջո անարգել պատվի արժանացավ իր հրաժարականը պահանջող գեներալների կողմից, ապա սկսեց նրանց մեղավոր նշանակելու և համակարգից հանելու անխուսափելի գործընթացը։ Արժանապատիվ և հայրենանվեր գեներալների, օրինակ՝ Յուրի Խաչատուրովի պես զորահրամանատար ունենալու դեպքում սպայակույտը, ամբողջ զինվորականությունը, անգամ պահեստազորն ու աշխարհազորը պարզապես կտրորեին այն քաղաքական գործչին, որը կփորձեր նույնիսկ ակնարկել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մտադրության մասին։ Պատկերացնել միայն կարելի է, թե նույնիսկ Փաշինյանի նշանակած գեներալիտետի համբերությունը որքան էր հատել, նրանց ինչ վիճակի էին հասցրել, որ իշխանության հրաժարականի մասին հայտարարություն արեցին, ճիշտ է՝ որևէ կերպ հետամուտ չլինելով դրա իրականացմանը։ Այսօր էլ է նա ակնհայտորեն այդ կործանարար գործելաոճն է շարունակում՝ ժողովրդին և ուժային կառույցներին իրար դեմ հանելով։
Ի վերջո, Փաշինյանն իր կյանքով պարտական է Զինված ուժերի գլխավոր շտաբին և անձամբ նրա երբեմնի պետ Օնիկ Գասպարյանին՝ նոյեմբերի լույս 10-ի գիշերն իրեն ՊՆ-ի թաքստոցում տեղավորելու, անկարգություններից և գազազած ամբոխից փրկելու, իրավիճակը հանդարտեցնելու համար։ Եթե գեներալիտետն այդ «բարի կամքը» չդրսևորեր, Փաշինյանին Արարատ Միրզոյանի պես կոխկրտելու էին տասնյակ հազարավոր ոտքերի տակ։
Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան