ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
22 Apr 2022

Շուշիի ազատագրման երեսնամյակը՝ առանց Շուշիի

Շուշիի ազատագրման երեսնամյակը՝ առանց Շուշիի

Պատերազմի ավարտից հետո Իլհամ Ալիևն արդեն որերորդ անգամ այցելում է Շուշի ու հետևում զավթված քաղաքի անհագ թյուրքացման ընթացքին։ Ալիևը ծրագրում է իր իսկ հռչակած «թյուրքական աշխարհի մարգարիտ» քաղաքում աշխարհի ադրբեջանցիների համագումար անցկացնել։ Նրա հայ գործընկերոջ համար այդ քաղաքը, հիշենք, «դժբախտ ու դժգույն» է, Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ցավ չի զգում բերդաքաղաքի անկման համար, չգիտի դրա պատմական արժեքը հայության կյանքում։ Ավելին՝ խորհրդարանական վերջին ինքնախոստովանությամբ նա պարզապես հաստատեց, որ պատերազմը հրահրվել է հենց Շուշին հանձնելու համար, առանց այդ դավադրության՝ մարտերը պարզապես չէին դադարի։

Պատերազմից հետո հայկական պետության վախճանի ամենանշանակալից ու ցավալի դրսևորումներից մեկը Շուշիում Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի պղծումն էր։ Թշնամին նպատակադրվել էր հրապարակավ արժեզրկել մեր հաղթանակի մեծագույն խորհրդանիշը, և այն, որ Երևանն ու Ստեփանակերտը ոչինչ չարեցին քաղաքի հաղթականության կարևորագույն բեկորը փրկելու համար, ինքնին խոսուն է։ Վազգեն Սպարապետի՝ հայկական Գարիբալդիի հուշարձանի պղծումը պարտության համախտանիշը չհաղթահարած թշնամու կենդանական հրճվանքն առաջացրեց, քանի որ այդպիսով զրոյացվեց Վազգենի ոչ միայն անձը, այլև գործը։ Պատերազմի վերջին օրերին, երբ պարզ էր, որ քաղաքը հանձնվում է, անգամ հուշարձանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանն էր պատրաստակամություն հայտնել այն Շուշիից տեղափոխելու, բայց արձագանք չեղավ։ Լուռ էր նաև Սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

Շուշիի կենտրոնական՝ Ղազանչեցոց փողոցը կարծես հայոց լեռնաշխարհի տարբեր անկյուններից բերված մշակութային ցուցանմուշների հավաքատեղի լիներ՝ կերպարվեստի, գորգերի, երկրաբանական, քաղաքի պատմության թանգարանները, այնտեղ տեղադրված հուշարձանները, լեգենդար հրամանատար Քրիստափոր Իվանյանի՝ առաջիկայում տեղադրվելիք քանդակը, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունը, տեխնոլոգիական համալսարանը, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանը, խեցեգործության տունը՝ Շուշվա հրաշալի կավով, հեռանկարում՝ դարբնոցի բացումը,  Արամ Մանուկյան փողոցը, որը վերանվանվել է Աթաթուրքի անունով։

Այս ամենի կորստի ցավն զգալու համար պետք է հայրենիքի զգացողություն ունենալ, իսկ Նիկոլ Փաշինյանը խորապես անհայրենիք մարդ է, այդ պատճառով մի առանձնակի թեթևությամբ է ամեն անգամ Շուշիի և Արցախի մյուս բնակավայրերի իբր ոչհայկականության մասին ամոթալի պնդումներ անում։ Հայերի մի քանի սոսկալի ջարդեր տեսած այդ քաղաքը ոչ միայն չէր կորցրել հայկականության շունչը, այլև վերջին տարիներին դարձել էր հայկական պետության ամենաներկայանալի ու կոլորիտային քաղաքներից մեկը, ինչպես, ասենք, Գյումրին կամ Գորիսը։ Պատերազմից հետո անգամ Պուտինը, նրան երկրորդելով էլ՝ ռուս քաղաքագետներն ու հրապարակախոսներն էին պնդում, որ Շուշին անխոչընդոտ կարող էր հայկական մնալ։ Միայն թե փաշինյանական վարչախումբը համաձայն չէր դրան։

Հայ ժողովրդի կոտրված ողնաշարը վերականգնելու և իշխանափոխությունից հետո ազգային գաղափարները վերարծարծելու հիմքում, հետևաբար, պետք է դրվի Շուշիի և Հադրութի բնիկ հայկականության, դրանց դարձյալ վերատիրելու անհրաժեշտության, այն որպես կենսատարածքի անթույլատրելի կորուստ ներկայացնելու գիտակցումը։ Մեր կողքին են երեսուն տարի առաջ ռազմական սխրանքով Շուշին ազատագրած ավելի քան երկու հազար ազատամարտիկներից շատերը, նրանք պետք է լինեն իրենց կյանքի մեծագույն գործը ջուրը գցած գործչի քաղաքական մահավճիռը պարտադրելու առաջամարտիկը։

Արցախյան ազատամարտի մասնակիցների և 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների ցասումն իրապես կարող է հուժկու քաղաքացիական ընդվզում առաջացնել։ Զոհերի ընտանիքները Փաշինյանի խորհրդարանական անբարո ելույթից հետո ի վերջո պետք է հստակ պատասխան պահանջեն՝ իրենց որդիները զոհվել են դավաճանությա՞ն, դավադրությա՞ն, կառավարման անփութությա՞ն, ապիկարությա՞ն, թե՞ մի այլ պատճառով։ Ոչ մի դեպքում չպետք է սովորական դառնա նախ Գորիսից Կապան ճանապարհին «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակներ և թշնամական դրոշներ տեսնելը, ապա և այդ ավտոմայրուղով երթևեկելու հնարավորությունից առհասարակ զրկվելը։

Թշնամին նպատակադրվել է հայկական կողմին պարտադրել ապամոնտաժել Արցախի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի և Մոնթե Մելքոնյանի քանդակները։ Ազգային խորհրդանիշների այս հիբրիդային պատերազմում հայկական կողմը, ինչպես երևում է, գործում է բացառապես ի շահ թշնամու։ Քարագլխի հանձնումից հետո, ըստ Փաշինյանի, կա՛մ գյուղ առ գյուղ զիջելու ենք, կա՛մ թշնամու հետ խաղաղության պայմանագիր ենք կնքելու և ամբողջապես հրաժարվելու ենք հայկական Արցախից։ Այս աղետաբեր ընթացքը հնարավոր է կանխել բացառապես մեկ եղանակով՝ Փաշինյանի օր առաջ պաշտոնանկությամբ և դատապարտմամբ։

Հեղինակ` Դավիթ Սարգսյան