ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
12 Apr 2022

Ազգային ինքնաոչնչացման մեխանիկան

Ազգային ինքնաոչնչացման մեխանիկան

Վերջին մի քանի օրերի անցուդարձի թռուցիկ ամփոփումն առավել քան խոսուն է. Երևանում Արցախի դրոշի պղծում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման մեկնարկ, որդեկորույս մայրերի անպատիվ ընդունելություն Կոնդի ամառանոցներում։ Ժամանակին հեռատես գործիչներն ու ուժերն զգուշացնում էին, որ փաշինյանական իշխանախմբի պաշտոնավարման ամեն օրն ավելի է մոտեցնում պարտության, իսկ հետպատերազմյան մղձավանջը՝ նորանոր զիջումների, որոնք հաղթահարելն ու առնվազն զրոյական վիճակի վերադառնալը տասնյակ տարիներ է պահանջելու։ Արցախցիներն արդեն բարձրաձայն խոսում են կա՛մ Ռուսաստանի կազմում ներառվելու, կա՛մ արտագաղթի հեռանկարի մասին՝ տեսնելով, թե ինչպես է հայաստանյան վարչախումբը ձեռքերը լվանում իրենցից։

44-օրյա պատերազմի թեման արդեն հիմնիվեր փակված է. Բրյուսելում ո՛չ ագրեսորի դատապարտում, ո՛չ էլ Արցախի հարց կար։ Ոչ ոք պատերազմի սանձազերծման մեղավորներին պատասխանատվության չի կանչելու, եթե հայ ժողովուրդը նման հավաքական որոշում չկայացնի։ Հարուցված հարյուրավոր քրգործերի փոխարեն իշխանափոխությունից հետո բովանդակային կարող է լինել միայն մեկ քրեական գործ՝ Նիկոլ Փաշինյան մեղադրյալով, քանի որ հենց նա է պատերազմի հրահրողը։ 2018-ից ի վեր իշխանությունը փողոցով զավթած ապօրինածին խմբակը հետևողականորեն պետությունը հասցրեց կործանարար հանգրվանի՝ վիժեցնելով անվտանգության, բարեկեցության և առաջադիմության բոլոր ձեռքբերումները։

Շատ վաղուց է, ինչ Փաշինյանն իր երբեմնի պոպուլիստական վարքն անկարող է իրեն թույլ տալ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերներ, շրջայց Երևանի փողոցներում, հեծանվի վարում և այլն, նա լավ գիտի, թե ինչ ընդունելության կարող է արժանանալ, որքան էլ թիկնազորը փորձի հեռու պահել նրան անհաճո դրվագներից։ Ինչպես արտահերթ ընտրությունից հրաժարվելու մեղքն էր բարդում ընդդիմության վրա, այդպես էլ իր հասցեին թունդ վիրավորանքներն է համարում ֆեյքային գրոհներ՝ չհասկանալով, որ դրանք մի օր կարող են միաձուլվել և մարդկային գազազած ամբոխի տեսքով պարզապես իրեն վռնդել կառավարական շենքից։ Սա արկածախնդիրի և ոչ թե պետական գործչի վարքագիծ է։

Բրյուսելյան հանդիպումից Երևան շտապած Փաշինյանն առաջինը հայտարարում է, ոչ ավել, ոչ պակաս, այն մասին, որ ՀՀ վերահսկողությամբ ադրբեջանական տարածքներ կան։ Ի՞նչ է, Ալիևը նրան սպառնո՞ւմ է, կաշառո՞ւմ, համոզո՞ւմ։ Կարո՞ղ է հետո պարզվի, որ պետբյուջեի որոշ ոչ թափանցիկ համալրումներ խիստ կասկածելի, միգուցե անգամ ադրբեջանական աղբյուրներից են, չէ՞ որ Ալիևը խիստ շահագրգռված է փող ծախսել, որ Փաշինյանն իշխանության մնա։ Նա ի՞նչ կարգավիճակով է հարաբերվում Ադրբեջանի նախագահի հետ՝ որպես ինքնուրույն պետության ղեկավա՞ր, թե՞ Ալիևի դրածո, որը շարունակաբար ձգտում է արժանանալ նրա բարեհաճությանը։ Միգուցե կարծում է, թե ՀՀ բոլոր քաղաքացիներն իր պես փորձելու են վայելել Ալիևի խղճմտանքն ու «մեծահոգությո՞ւնը»։ 

Շուտով կլրանա Հայաստանում մոլեգնող ապապետականության, անարժանապատիվ և անհայրենիք գոյատևման ընթացքի չորրորդ տարելիցը։ Դժվար է անգամ ասել՝ 2018-ի մայիսից ի վեր Հայաստանում ծայր առած փոթորկի բարձրակետը որն էր։ 2020-ի քովիդյան ամռանը, թերևս, արդեն ֆորս մաժոր էր՝ անհաղթահարելի ուժ, երբ ակնհայտ էր, որ պետական կառավարումն իսպառ տապալված է, իսկ թշնամու հարձակումը՝ օրերի հարց։ Անդառնալիության կետը, սակայն, արդեն իսկ հատել էինք, սթափության եզակի բանական կոչերը խեղդվում էին կիսագրագիտության օվկիանոսում, մինչև աղետը չպատեց մեզ։

Երբ քաղաքացիական հասարակության անվան տակ ծպտված օտարերկրյա գործակալ ՀԿ-ների ցանցը մաշեցնում էր հանրային սթափության ռեսուրսները և պետության հիմքերը, փաստորեն լռելյայն և հետևողականորեն նախապատրաստում էր նաև արցախյան ճակատում մեր պարտությունը, ավելի ճիշտ՝ դրա հետ համակերպումը։ Արդյունքում՝ չորս տարի առաջ այս օրերին տասնյակ հազարավոր քաղաքացիներ Երևանի փողոցներում խինդ-ուրախությամբ զոհաբերում էին Արցախն ու իրենց զավակներին։ Անխուսափելի իշխանափոխությունից հետո նոր պետական վերնախավի առաջին գործերից մեկը, հետևաբար, պիտի լինի օտարերկրյա գործակալ կազմակերպությունների մասին օրենքի ընդունումը։

Կենսաբանությունից հայտնի է, որ որևէ կենդանատեսակ ոչնչացնելու համար պահանջվում է նրանից հանել ինքնապահպանման բնազդը, անվտանգության պահանջմունքը։ Հայ ժողովուրդը կարծես ինքն իրեն այդ գիտափորձին է դատապարտել՝ ստուգում է, թե ի վերջո ե՞րբ են աշխատելու բնական օրինաչափությունները, և անգամ բնազդային մակարդակում անպաշտպան, բայց խիստ անտարբեր վիճակում է՝ բացարձակ զուրկ վտանգի զգացողությունից։ Առայսօր գրեթե ոչ ոք իր մեղքը չի ընդունել և չի ապաշխարել սեփական ճակատագրական սխալների համար, հետևաբար՝ այս ողբերգությունը դեռևս չի ավարտվելու:

Հեղինակ` Դավիթ Սարգսյան