ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
08 Apr 2022

Արցախից փաստացի հրաժարման մեկնարկը տրված է

Արցախից փաստացի հրաժարման մեկնարկը տրված է

Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի՝ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպման համապատկերում արժե հիշել մի ուշագրավ փաստ՝ երկու երկրների ղեկավարների միջև անցած չորս տարում, այսինքն՝ Փաշինյանի պաշտոնավարման ամբողջ ընթացքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով և նրանց մասնակցությամբ ընդամենը մեկ հանդիպում է անցկացվել, թեև Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են մոտ տասն անգամ։ Միակ պաշտոնական և միջնորդների ներկայությամբ բանակցությունն անցկացվել է 2019-ի մարտին Վիեննայում, ընդ որում՝ ինչպես Փաշինյանն է հետագայում խոստովանել, դա ավելի շատ իր կողմից բանակցային գործընթացի պատմությանը ծանոթանալու փորձ էր։ Ուշագրավ է, որ այդ փորձը փոխանցողը փաստացի թշնամական երկրի առաջնորդն էր, ոչ թե Հայաստանի նախկին նախագահները։

Դեռևս մինչև պատերազմը, ստացվում է, Փաշինյանն ինքն է դեմ գնացել միջազգային հանրությանը, մանդատազրկել ԵԱՀԿ Մինսկի խմբին, շրջանցել ռուսական կողմին և անցել հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսության։ Իր սեփական կետից սկսելու արատավոր մտայնությունը հանգեցրել է նրան, որ Փաշինյանը հիմնովին զրոյացրել է նախորդ տասնամյակներին արձանագրված բանակցային ձեռքբերումները, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարած բանակցությունների արդյունքները, միաժամանակ հարվածի տակ է դրել  միջազգային հանրության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք երկրի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ միջնորդական ջանքերը։

Հատկապես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները բավական հասցեական էին, և ակնհայտ էր, որ շատ հարցերում, նախևառաջ՝ առաջնագծում մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում, միջնորդները պաշտպանում էին մեր տեսակետները։ Ստացվում է՝ Փաշինյանը պարզապես անարգեց բանակցային բոլոր կողմերին և միջնորդների ջանքերը։

Ալիևի հետ նրա անձնական, առանց միջնորդների շփումները, համանախագահներից և Ռուսաստանից անջատ Բաքվի հետ բանակցելու փորձերն աղետի առջև կանգնեցրին Հայաստանն ու հայ ժողովրդին։ Բայց այս մղձավանջը չի ավարտվում, միջնորդներին շրջանցելով՝ նա շարունակում է անհասկանալի ձևաչափերով հանդիպել Ալիևի հետ։ Ամեն նման բանակցություն ավելի է խորտակում Հայաստանն ու Արցախի բեկորները փրկելու աղոտ հույսերը։ Արտաձևաչափային նման հանդիպումների փաստն ինքնին, նույնիսկ բովանդակությունը մի կողմ թողած, մեզ համար կործանարար ռիսկեր են ենթադրում, հատկապես երբ եզրափակիչ հայտարարության մեջ Մինսկի խմբի կամ Արցախի մասին անգամ մեկ տառ չկա։ Եթե Երևանում շատերն անհաղորդ են կատարվողին, ապա Արցախում հատկապես վերջին մեկ ամսում օդում թանձրացած բացասական սպասումները սարսափելի են։ 

Հարկ է ընդունել, որ Փաշինյանի ցանկացած հայտարարությունից, Ալիևի հետ ամեն հանդիպումից հետո նման դժոխային, մղձավանջային սպասումներն արդեն կենսակերպ են դարձել։ Եթե ամենօրյա այս ժամանակագրությունը սովորական չդառնար, թերևս շոկային կլիներ, հանրային լայն դատապարտման կարժանանար։ Բայց անգամ ամենաաղմկահարույց պնդումների, ազգային ու պետական շահերին ակնհայտորեն հակասող որոշումների ու գործողությունների մասին լուրերն ընդամենը մի քանի ժամվա կյանք են ունենում։ Ամեն հաջորդ լուր անընդունելիության ու անդառնալիության սահմանին ավելի մոտ է։

Ո՞վ է այսօր խոսում Շուշիին ու Հադրութին վերատիրելու մասին, երբ պետք է փրկել Ասկերանն ու Իվանյանը, ո՞վ է հիշում Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին, երբ իշխանությունը չի բացառում Ադրբեջանի կազմում նրա գոյությունը։ Ո՞վ է հիշում, որ հետպատերազմյան դավադրության արդյունքում թշնամուն զիջվեց ոսկու խոշորագույն հանքավայրի՝ Սոթքի հանքի մեծագույն մասը, ո՞վ է հիշում Որոտանի, Շուռնուխի, Սև լճի և ՀՀ-ից տասնյակ քառ կմ այլ տարածքների կորստի մասին։ Այս շարքն անվերջ է։ Սակայն Բրյուսելում Ալիևի նախատինքին արժանանալուց հետո Փաշինյանը ոչ միայն փակում է Փառուխի զավթման թեման՝ այն համարելով անպատեհ հարց բանակցային սեղանի շուրջ քննարկելու համար, այլև պնդում է, թե Հայաստանի հսկողության ներքո կան ադրբեջանական տարածքներ։ Պետական դավաճանության առերևույթ փաստ, որի վրա, իհարկե, գլխավոր դատախազությունն աչք է փակելու։

Ադրբեջանի հետ սահմանազատման մասին բանավոր և գաղտնի պայմանավորվածությունները, փաստորեն, շուտով փաստաթղթավորվելու են, անգամ հատուկ հանձնաժողով է աշխատելու։ Այս տեմպերով ամիսներ անց հայաստանյան հանրությունն անգամ Սյունիքով թշնամական միջանցքի բացումը կամ Ադրբեջանի և Թուրքիայի առջև ամբողջապես բացվելն է համարելու «անկարևոր» թեմա՝ մտահոգվելով բացառապես սեփական ֆիզիկական անվտանգությամբ, թեկուզ ադրբեջանցու հետ համակեցության պայմաններում։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան