ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
05 Apr 2022

Մեջքն ուղղելու հրամայականը՝ թշնամու ողորմածությանն ապավինելու փոխարեն

Մեջքն ուղղելու հրամայականը՝ թշնամու ողորմածությանն ապավինելու փոխարեն

Ո՞ւմ է հայտնի, թե ի՞նչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Բրյուսել՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպելու Ալիևին։ Ինչո՞վ է բացատրվում Եվրամիության չափից դուրս ակտիվությունը՝ ստանձնելու միջնորդական առաքելություն կողմերի միջև, և ինչո՞ւ է Փաշինյանը դարձյալ մոսկովյան հայտարարված այցի նախաշեմին թշնամու, իր ձևակերպմամբ՝ կառուցողական գործընկերոջ հետ բանակցությունների անցկացումը պատվիրակում Բրյուսելին՝ լավ իմանալով այս փուլում ՌԴ և ԵՄ գերլարված հարաբերությունների մասին։

Ուշագրավ է, որ մի կողմից Փաշինյանը հրապարակավ տորպեդահարում է խաղաղության և անվտանգության ապահովման ռուսական ջանքերը տարածաշրջանում, կասկածի տակ է դնում Արցախում ռուս խաղաղապահների ներկայության նպատակահարմարությունը, հրավիրում է օտարազգի զորակազմերի, մյուս կողմից՝ ուղնուծուծով հավատարմության երդում է տալիս Մոսկվային, քանի որ հրաշալի հասկանում է՝ միջազգային լեգիտիմության բացակայության պայմաններում իր պաշտոնավարման շարունակումը կախված է բացառապես Կրեմլի բարի կամքից։ Ռուսաստանն այժմ զբաղված է ուկրաինական ճակատով, բայց այդ ճգնաժամի հանգուցալուծվելուն պես այն Հայաստանում վստահաբար ուժեղ և կանխատեսելի գործընկերային իշխանության կարիք կունենա։ Մինչև այդ մենք, ցավոք սրտի, ինքնիշխանության և սուբյեկտայնության անդառնալի կորուստներ ենք կրում։

Բրյուսել բանակցությունների մեկնելուց առաջ Փաշինյանն իրեն հաշիվ տալի՞ս է, որ, օրինակ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները այն մասը, որը թշնամին պիտի իրականացրեր, չի իրականացրել, մինչդեռ ինքը մի բան էլ գերակատարել է։ Տասնյակ հայ ռազմագերիներ են շարունակում խոշտանգվել Բաքվի բանտերում, և Ադրբեջանն այլևս որևէ մտադրություն չունի նրանց արտահանձնելու։ Հաղորդակցությունների ապաշրջափակման կամ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին շարունակաբար խոսելուց առաջ Փաշինյանն իրեն հաշիվ տալի՞ս է, որ դրա գինը ոչ միայն հազարավոր նահատակների, այլև այսօր անմարդկային լլկանքների ենթարկվող տասնյակ, միգուցե անգամ հարյուրավոր հայորդիների ճակատագրերն են․ նրանք, ովքեր իբր «Բաքվի բանտերում պայքարում էին Հայաստանի անկախության համար»։ Եթե նոյեմբերի 9-ին հայկական կողմի վրա ահռելի ճնշում կար, հիմա ի՞նչն է խանգարում լուծելու ռազմագերիների վերադարձի հարցը, որն այդ հայտարարության դրույթներից մեկն է և վաղուց պետք է իրականացված լիներ։

Փաշինյանի և նրա իշխանախմբի ստերն ու մոլորեցումները միգուցե դեռևս նպատակին ծառայում են ներքին լսարանի որոշ հատվածի համար, բայց միջազգային հանրության, նախևառաջ գործընկեր երկրների հետ նման պարզունակ գործելակերպը ծիծաղելի է, վտանգավոր ու անբարո։ Փաշինյանը միանձնյա և կամայականորեն է գործում բոլոր իրավիճակներում, երբ նույնիսկ նրա առջև սահմանադրական արգելքներ կան։ Օրինակ, նա իրավունք չունի տարածքային զիջումներ ենթադրող սահմանազատմամբ զբաղվելու, մինչդեռ 2020-ի դեկտեմբերի 18-ին թշնամու հետ դավադիր գործարք է կնքել, որը ենթադրում էր Սյունիքում մի շարք ռազմավարական դիրքերի, բարձունքների, ճանապարհների զիջում, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին էլ հանձնարարվել է անխոչընդոտ ապահովել այդ հրամանի իրականացումը։ Արդյունքում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհն ամբողջապես զիջված է, Կապան-Մեղրի ավտոճանապարհը՝ վտանգի տակ, իսկ Տաթև-Աղվանի նոր նորոգված այլընտրանքային ճանապարհն արդեն իսկ սկսել է փլուզվել։

Փաշինյանը չի տիրապետում Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև եղած մի քանի սահմանազատումների պատմությանն ու նրբություններին։ Ի՞նչն է Հայաստանի տարածք չորս ուղղություններով թշնամու ներխուժման դեմ դիմադրության իսպառ բացակայության պատճառը։ Բաքուն կաշառե՞լ է Երևանին, որ սահմանազատման բանակցություններն սկսելիս արդեն շահեկան վիճակում լինի, թե՞ Փաշինյանը ներքին կաշկանդումներ ունի՝ այլևս չխոսելու թշնամական ներխուժումների մասին։ Երբ թշնամին սեփական ռազմական և քաղաքացիական ավտոշարասյուների փոխադրման համար լայնորեն օգտվում է Արցախի հայապատկան հատվածի ավտոճանապարհներից, օրինակ՝ Կարմիր Շուկայից, հընթացս էլ ահաբեկում է տեղի հայ բնակիչներին, Փաշինյանը մեր զորքերին հրահանգում է անմռունչ կերպով հետևել դեպի Շուշի բարձրացող թշնամական զորքին։

Ի հավելումն գործադրի անհամարժեքության՝ արժե հիշել նաև, որ չորրորդ հանրապետության մասին դատարկ թեզ շրջանառող չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի փախուստից հետո Բաղրամյան 26-ում Սահմանադրության պահպանման երաշխավորի գործառույթ է ստանձնել մեկը, որն ի պատասխան այն հարցի, թե թշնամին կրակում է մեր սահմանների, զինվորների ու գյուղերի վրա, ասում է՝ «Հետո՞ ինչ։ Ոչի՛նչ»։ Մեծամտության, դատարկախոսության, սեփական մանդատին անիրազեկ լինելու հարցում Վահագն Խաչատուրյանը, թերևս, փորձում է գերազանցել իր նախորդին, որքան էլ դա դժվար լինի։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան