ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
29 Mar 2022

Հակապետական խոսույթը՝ իշխանության մնալու պարտադիր պայման

Հակապետական խոսույթը՝ իշխանության մնալու պարտադիր պայման

Իշխանության հետևողական փորձերը՝ խաչ քաշելու Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի վրա և այն ամբողջապես նվիրելու Ադրբեջանին, հիշեցնում են Առաջին հանրապետության հոգեվարքի օրերին հայ բոլշևիկների ազգադավ քարոզչությունը, որն ամեն գնով ստիպում էր ժողովրդին հրաժարվել ինքնիշխան պետությունից և հանձնվել համաշխարհային հեղափոխությանը։ Եթե 102 տարի առաջ խաղարկվում էր թուրքական գործոնի զսպումը՝ իբրև Կարմիր բանակի ներխուժման հիմնավորում, այսօր ճիշտ հակառակն է՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացմանը համաքայլ՝ օրվա իշխանությունը համակարգված և հետևողականորեն, ասես սեփական ծրագիրն իրականացնելով, երկիրը ներքաշում է թուրքական ազդեցության ոլորտ։

Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները, անտեսելով դիվանագիտական վարվեցողության և միջազգային հարաբերություններում ընդունված վարքականոնները, բացահայտորեն անարգում են Հայաստանն ու հայ ժողովրդին։ Նրանք նույնիսկ չեն էլ փորձում քողարկել իրենց իրական նպատակները, քանի որ բազմիցս համոզվել են՝ միջազգային հանրությունը, միևնույն է, աչքակապությամբ է զբաղվելու իրենց ռազմական հանցագործությունների հարցում։ Իսկ նրանց իրական նպատակը մեկն է՝ ամբողջապես կախյալ, գրպանային, խամաճիկային Հայաստանի կերտմամբ տնտեսապես, ռազմականապես, հոգեբանորեն և հնարավոր բոլոր այլ միջոցներով հյուծել, չեզոքացնել, մաշեցնել այս պետությունն ու այն տանել կործանման։ Դրա համար բոլոր հիմքերն ստեղծված են՝ կոլաբորացիոնիստ իշխանությունից և կոմֆորմիստ ընդդիմությունից մինչև զրոյական հանրային դիմադրություն։

Որևէ կերպ չդիմադրելու և հակառակորդին մինչև վերջ հանձնվելու ու զիջելու քաղաքական ուղեգիծն անգամ 1990-ականներին թևածող պարտվողականության հետ է դժվար համեմատելը։ Եթե առաջին նախագահի «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» գաղափարական թեզին փաստացի հակադրվում են առաջին արցախյան պատերազմում մեր հաղթանակն ու ձեռքբերումները, ապա այժմ այդ հաղթանակն էլ չկա, իսկ պարտվողականության քարոզն աննախադեպ չափերի է հասել։ Ժամանակին թվում էր՝ Արցախից հրապարակային հրաժարումը քաղաքական գործչին կարիերայի ավարտ կարժենա, նա իր ապագայի վրա խաչ կքաշի, իսկ հասարակությունը մեկընդմիշտ և վերջնականապես կմերժի նրան, սակայն Փաշինյանի ֆենոմենը դեռևս հակառակն է ապացուցում։

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով երկարուձիգ դատավարությունը, ապա այդ գործով գլխավոր մեղադրյալի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստացի արդարացումը հենց Փաշինյանի «նշանակած» ՍԴ անդամների կողմից ստիպում է մտածել, որ դրա հիմնական նպատակը հանրությանն «արդարության վերականգնման» կեղծ գործընթացով զբաղեցնելն էր, զգոնությունը բթացնելը, գեներալիտետին մեղադրանքներ առաջադրելը, այլ կերպ ասած՝ այն անձանց և շրջանակներին չեզոքացնելը, որոնք կարող էին խանգարել պատերազմում մեր պարտությանը։ Սակայն նույնիսկ քրեական հետապնդման մեջ գտնվելիս այդ նույն գեներալները, թույլտվություն ստանալուն պես, մեկնեցին Արցախ, փորձեցին տեղում իրենց նպաստը բերել պաշտպանության կազմակերպմանը, հակահարձակման պլաններ մշակել, զորքի կողքին լինել և հերոսաբար մարտնչել։ Բայց Փաշինյանի և նրա ենթակաների անթույլատրելի սխալների արդյունքում թշնամին արագորեն վերակազմակերպեց սեփական ուժերը, մենք՝ ոչ, և այդպես էլ հնարավոր չեղավ բեկել պատերազմի ընթացքը։

Պատերազմից մեկուկես տարի անց երկրի ներքաղաքական վիճակն անթույլատրելի ու խայտառակ անտարբերության ու անորոշության է մատնված, կառավարման մեջ քաոս ու անիշխանություն է։ Վարչապետի պաշտոնին է մի անձ, որը պարտության հաջորդ օրը ոչ թե ներողություն էր խնդրում ծանր պարտության համար, այլ ցավում էր սեփական օծանելիքի գողության փաստով։ Խորհրդարանական ընդդիմությունը կարծես արդեն իսկ համակերպվել է նրա փաստացի պաշտոնավարման հետ, բայց հայոց պատմությունը վստահաբար գրելու է նրա դրամատիկ դերակատարման մասին, անվանապես նշելու է Արցախի օտարման գլխավոր մեղավորին ու պատասխանատուին։

Իսկ մինչ այդ մեր բնակչության բացարձակ մեծամասնությունը ցավալիորեն անգամ աղոտ պատկերացում չունի, թե ինչպիսին է տեսնում իր պետությունը նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում։ Փաստացի՝ Հայաստանը մեն-մենակ է մնացել տարածաշրջանային գերլարված իրավիճակում՝ ընդդեմ աշխարհի և թշնամու, ընդդեմ թուրք-ադրբեջանական էքսպանսիոնիզմի, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ մեգանախագծերի։ Ի պատասխան այդ ամենի՝ հայաստանյան իշխանության առաջարկն ընդամենը մեր ճանապարհներն ու ենթակառուցվածքները թշնամու առջև լայնորեն բացելու պարզամիտ ու դավադիր գործարքն է, որը դեռևս չիրականացած՝ արդեն հասցրել է վարկաբեկվել և միֆականացվել։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան