ՌԴ-ն՝ ադրբեջանական ագրեսիայի թիրա՞խ, թե՞ մասնակից
Արցախի և ՀՀ-ի դեմ թշնամու նորանոր ագրեսիաների հարցում Մոսկվայի դերը զարմանալիորեն երկակի է։ Մի կողմից՝ ընդամենը մեկ ամիս առաջ է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքվել դաշնակցային փոխգործակցության մասին պայմանագիր, որով, փաստորեն, Մոսկվան իր համար հավասարության նշան է դրել Երևանի և Բաքվի ֆորմալ կարգավիճակների միջև։ Մյուս կողմից՝ Արցախի հայապատկան մնացած տարածքի դեմ ցանկացած ագրեսիա ենթադրում է ոտնձգություն նախևառաջ այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի նկատմամբ։ Ռուսաստանը և աշխարհն առհասարակ այսօր կենտրոնացած են Ուկրաինայի դեմ պատերազմի վրա, սակայն մեզ համար առանձնահատուկ կարևոր հիշատակման արժանի է այն փաստը, որ երկու երկրները դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակը «նշանավորել են» դաշնակիցներ դառնալու որոշման կնքմամբ։
Հետխորհրդային տարածքում 1990-ականներից ի վեր առկա, տարբեր փուլերում սառեցված և ակտիվացող էթնոքաղաքական հակամարտությունները, որքան էլ տրամագծորեն տարբեր պատմություն և առանձնահատկություններ ունենան, նմանվում են առնվազն մեկ ընդհանրությամբ՝ Մոսկվայի ուղղակի ներգրավվածությամբ։ 44-օրյա պատերազմից հետո Կիևը, օրինակ, ոգևորվելով Ադրբեջանի ռազմական հաջողություններով, անթաքույց կերպով ծրագրում էր վերանվաճել Դոնբասը և անգամ Թուրքիայից «Բայրաքթարների» խոշոր խմբաքանակներ գնեց, որոնց մեծամասնությունը, սակայն, անցած մեկ ամսում ոչնչացվեց ռուսական ՀՕՊ-ի կողմից։ Հետխորհրդային բոլոր միջէթնիկ կոնֆլիկտներին՝ լինի ոչ միայն Ուկրաինայում և Վրաստանում, այլև Հայաստանում և Ադրբեջանում, ուղեկցում է նաև Ռուսաստանի նեոկայսերականության, Խորհրդային միությունը վերականգնելու մասին ազգային էլիտաների խոսույթը, որի հիմքում ինքնիշխանությունը պահպանելու բնական ձգտումն է։
Եթե Ուկրաինայի և Վրաստանի հետ ՌԴ դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, իսկ Հայաստանը տասնամյակներ շարունակ ընկալվում է որպես այդ երկրի ռազմավարական դաշնակից Հարավային Կովկասում, ապա նոր իրողությունների լույսի ներքո Կրեմլի համար ուշագրավ դերակատարում է ստացել Ադրբեջանը։ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն արդեն ոչ թե «ռազմավարական գործընկերություն» են, այլ մեկ աստիճան բարձր՝ «դաշնակցային փոխգործակցություն»։ Իհարկե, միջազգային հարաբերություններում խոսքերն անարժեք են, առավել կարևոր է իրական քաղաքականության՝ ռեալպոլիտիկի մեջ դրանց գործադրումը, և հետաքրքրական է՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները, իրոք, կվերածվե՞ն դաշնակցայինի։ Ամեն դեպքում, դրան խոչընդոտող տասնյակ հանգամանքներ կան՝ ՌԴ-ի մերձկասպյան որոշ բնակավայրերի, օրինակ՝ Դերբենտի նկատմամբ Բաքվի թաքուն հավակնություններից մինչև ռուս-ուկրաինական պատերազմում անթաքույց աջակցություն Կիևին։ Սակայն նման նշանակալի փաստաթղթի ստորագրումը, ինչ խոսք, արդեն իսկ վկայում է հայկական դիվանագիտության տապալման մասին, որքան էլ դժվար է պատկերացնել, որ հայաստանյան որևէ իշխանություն կկարողանար համոզել Մոսկվային՝ ձեռնպահ մնալ Երևանի և Բաքվի կարգավիճակների հավասարեցումից։
Փոխանակ Մոսկվային հրապարակավ ներկայացնելու Բաքվի արտաքին քաղաքականության հակառուսական դրվագներն ու վրդովվելու Ադրբեջանի հետ դաշնակցային փոխգործակցության մասին պայմանագրի կնքումից՝ պաշտոնական Երևանը հույս է հայտնում, որ այն նոր հնարավորություն կբացի ԵԱՀԿ Մինսկի խմբի և եռակողմ հայտարարությունների շրջանակում կարգավորելու արցախյան հակամարտությունը։ Ինքնիշխանության և ազգային արժանապատվության ամբողջական զիջման ավելի ցցուն օրինակ թերևս մեկ էլ այն է, երբ ՀՀ ԱԳՆ-ն Փառուխի զավթման պատասխանատվությունը դնում է բացառապես ՌԴ-ի վրա։
Թուրքիան Ադրբեջանի ձեռամբ վստահաբար փորձում է Հարավային Կովկասում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել՝ լավ գիտակցելով, որ ռուսական զորքերն այժմ ծանրաբեռնված են այլ խնդրի կատարմամբ։ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ ամենաբարձր մակարդակով վայնասուն է։ Միլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, օրինակ, կոչ է անում ներխուժել Արցախի հայապատկան հատված և երեք-չորս օրում «մաքրել տարածքը ռուս խաղաղապահներից»։ Նման ազդակները չեն կարող չնկատվել Կրեմլում, սակայն զարմանալիորեն՝ Պաշտպանության բանակի փաստացի կազմալուծված վիճակում, խաղաղապահ կոնտինգենտը որևէ նշանակալի ջանք չի գործադրում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։
Թուրքական և ադրբեջանական մեդիառեսուրսների թռուցիկ մշտադիտարկումն անգամ գալիս է ապացուցելու, որ այս երկու պետությունների հանրությունն ու իշխանությունը կարծես անհամբերությամբ սպասեն Մոսկվայի անհաջողությանն ու տապալմանն ուկրաինական ճակատում, որ դուրս մղեն ռուսական խաղաղապահ զորակազմին Արցախից և վերջնականապես զավթեն այն։ Էականն այն է, թե Կրեմլի ո՞ր աշտարակը կհաղթի՝ Երևանի՞, թե՞ Բաքվի հետ դաշնակցության ջատագովը։
Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան