ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
25 Mar 2022

Նիկոլի «հաջողության» գրավականը

Նիկոլի «հաջողության» գրավականը

Հազարավոր հայերի սրտերն ու ուղեղները գերած Նիկոլ Փաշինյանը մեր պատմության մեջ մնալու է որպես պետության հիմքերը, սահմանները խարխլող արհեստավարժ դիլետանտ։ Նրան ատում են, պաշտում, անիծում ու փառաբանում, սակայն քչերն են փորձում պարզել նրա, այսպես կոչված, հաջողության գրավականը, նրա «ֆիշկան», նրա «կախարդական փայտիկը», որը հեշտությամբ «զոմբիացնում»  է ընտրազանգվածին՝ անգամ հազարավոր մարդկային կյանքերի ու հազարավոր կիլոմետրեր տարածքային կորուստներից հետո։ Եւ ուրեմն ո՞րն է Նիկոլի հաջողության գրավականը։ Փորձենք պարզել միասին։ 

Հայկական երազանք

Գոյություն ունի «ամերիկյան երազանք» /American Dream/ հասկացությունը։ Այն շատ պարզ է․ եթե դու դռնապահ ես որևէ հյուրանոցում, ապա տքնաջան աշխատելու և վերապատրաստվելու արդյունքում մի օր կարող ես դառնալ այդ նույն հյուրանոցի գլխավոր մենեջերը։ Նիկոլը ստեղծեց «հայկական երազանքի»  մոդելը, որը չկար և ոչ մի ղեկավարի օրոք։ Այն է՝ տես ինձ՝ վարչապետիս․ բարձրագույն կրթությունս թերի է, բանակում չեմ ծառայել, կառավարման, հատկապես պետական կառավարման ոչ մի հմտություն, գիտելիք ու փորձառություն չունեմ, բայց վարչապետ եմ։ Թուրս աջ ու ձախ կտրում է, ում ուզեմ՝ պատվեր կիջեցնեմ, կփակեն /օր՝ Սյունիքի համայնքապետներ/, ինչպես ուզեմ, այնպես էլ կորոշեմ ազգի համար ցանկացած բախտորոշ հարց։ Եւ այս ամենի լեգիտիմ հիմքը բացառապես որոշակի թվով մարդկանց ձայների քանակն է․ ինձ նման մարդկանց ձայների։ Ասում են՝ դա ժողովրդավարություն է կոչվում։ 

Ինչպես որ դաստիարակությունն է անիմաստ դառնում, եթե սեփական օրինակդ կաղում է, այնպես էլ այստեղ է։ Վարչապետի կենսագրականը հիանալի օրինակ է բոլոր չկայացած, թերի կրթված, կյանքում շատ բանի չհասած, աշխարհ չտեսած մարդկանց համար, որոնք բոլոր երկրներում մեծամասնություն են, և որոնք սրտանց քվեարկում են քո օգտին, եթե կարողանում ես գրավել նրանց սրտերն ու «գերեվարել» ուղեղները։ Դոնալդ Թրամփն էլ ժամանակին պատ էր կառուցում Մեքսիկայի հետ սահմանին և ասում, որ միգրանտները ԱՄՆ-ում այլևս չեն ունենալու շահեկան դիրքեր։ ԱՄՆ նախկին նախագահը նույնպես պոպուլիստ էր կամ ինչպես հին սերնդի մարդիկ են ասում՝ դեմագոգ։

Լա՞վ է, որ այլևս ունենք «հայկական երազանք»։ Երազանք ունենալը, անխոս, լավ բան է։ Սակայն, որքան էլ երազելը լավ է, միևնույն է, այն չպետք է հիմնված լինի արհեստավարժ դիլետանտության վրա։

Փրկչի կերպար

Ըստ էության, քաղաքականության ձգտում են երկու տեսակի մարդիկ։ Նրանք, ովքեր սիրում են իշխանությունը, և նրանք, ովքեր գալիս են ժողովրդին փրկելու։ Նիկոլը հմտորեն խաղաց վերջին տարբերակը։ Սկզբից մեզ փրկեց թալանչի ռեժիմից, հետո պատերազմում փրկեց 25-35000 զինվորի, համեստորեն լռելով, թե որքան քաղաքացիական անձ ևս փրկեց իր «կոնտրադմիրալի հմտությունների» շնորհիվ։ Դե իսկ հիմա Նիկոլը հպարտորեն փրկում է մեր Հայրենիքի փշրանքները՝ թուրքերի հետ ուղղակի և ուղիղ բանակցությունների մեջ մտնելով, Երևան-Ստամբուլ ավիաչվերթեր, ինչպես նաև ճանապարհներ բացելով։ Ժողովուրդը ալարկոտ է․ ինքնուսուցման, քրտնաջան աշխատանքի փոխարեն սիրով ընտրում է «փրկչի» նետած փրկօղակները։ Այդպես ավելի հարմար է։   

Նախկիններին մեղադրելու խորամանկությունը

Սեփական տկարությունը, չիմացությունն արդարացնելու համար անշուշտ հարկավոր է առասպել հորինել։ Իրականում մեր ժողովրդին բնորոշ է արդարացումներ փնտրելը՝ այլ մարդկանց մեղադրելու միջոցով, ուստի՝ Նիկոլը այս իրավիճակում երկար չի մտածել, միանգամից դիմել է աշխատող մեթոդի։ Այն, որ իմ պայմանական հարևան Վալոդը սոված զկրտում է, իհարկե, իր մեղքը չէ։ Հայրը շուտ մահացավ, մայրը չորս բնակարան չկտակեց Վալոդիս, որ նա դրանք վարձով տա ու առոք֊փառոք ապրի։ Եղբայրն էլ արտասահման գնաց ու երբեմն միայն «յոլա» գնալու փող է ուղարկում՝ փոխանակ «թագավոր ախպորը» ապահովի շռայլ կյանքի բոլոր ատրիբուտներով։ Տականք եղբայր է, էլի։

Վալոդի մոդելը վարչապետը օգտագործեց սեփական շահերի համար։ Նիկոլը ամենևին էլ վատ կառավարիչ չէ, ուղղակի ամեն ինչ հիմնովին քանդված էր նախկինների կողմից, դրա համար չի լինում մի բան կառուցել։ Դատական համակարգը լավ էլ նստեցնում է նախկիններին, շատ հավես բան է․ վեթինգ էինք ուզում անել, բայց դե այնպես են ավերել դատական համակարգը, որ խեղճ Գագիկ Ջհանգիրյանը, որը ներկաների համար հայրենական Ֆեմիդայի մարմնավորումն է, դզում, դզում, բայց չի կարողանում տեղը գցել։ Ուղղակի ներդրումներ չկան, քանի որ նախկինները հրահրեցին պատերազմը, գցեցին էս խեղճերի գրպանը, հիմա ինչպես էլ համոզենք, որ գան, չի լինում։ Էլ ո՞րն ասենք, էլ ո՞րը։ Ինքնարդարացման առասպելի ջանը սաղ լինի։

Վերջաբան

Բոլոր իշխանությունների մեծագույն մեղքը, թերևս, այն է, որ այդպես էլ միջին վիճակագրական հայի ոչ իրավական, ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքացիական գիտակցությունը չզարգացրին։ Ի՞նչ զարգացնելու մասին ենք խոսում, երբ զարգացած, կրթված, բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացին, սպառնալիք էր թվում բոլոր իշխանությունների համար, ուստի՝ ով ինչպես կարողանում էր, խոչընդոտում էր այդ զարգացումը՝  հնարավորինս սեփական աթոռի երկարակեցությունը ապահովելու համար։ Ի՞նչ ստացվեց արդյունքում, տեսնում ենք բոլորս։ 

Մեր աչքի առջև փլուզվեց երրորդ հանրապետության երեք տասնամյակ գոյատևած հիմնական միտքն ու իմաստը, այն է՝ Արցախի անկախությունն ու անվտանգությունը։ Այլևս չենք ցանկանում, որ մեր որդիները Արցախ մեկնեն, դե իսկ Սյունիքն էլ սյունեցիների խնդիրն է։ Մենք ի՞նչ անենք, ոնց մեր փրկիչը, այդպես էլ մենք, բայց սա արդեն մեկ այլ հոդվածի թեմա է։ Դուք ավելի լավ է ասեք՝ համամի՞տ եք Նիկոլի հաջողության գրավականի իմ մատնանշած դետալիզացիային, թե՞ ոչ։ 

Հետգրություն

Մի դասական օրինակ՝ Ամանորին վարչապետի էջում արված հրապարակումից

Արդեն 2022 թվականիհունվարի 1-իցգիտությանոլորտումտեղիկունենանաշխատավարձերիհետեւյալբարձրացումները.

Լաբորանտ՝ 67 հազարից՝ 102 հազարդրամ, աճը՝ 52 տոկոս:

Ավագլաբորանտ՝ 76 հազարից՝ 110 հազարդրամ, աճը՝ 44 տոկոս:

Կրտսերգիտաշխատող՝ 85 հազար 800-ից 120 հազարդրամ, աճը՝ 40 տոկոս:

Ավագգիտաշխատող՝ 99 հազարից 200 հազարդրամ, աճը՝ 102 տոկոս:

Առաջատարգիտաշխատող՝ 114 հազար 300-ից 250 հազարդրամ, աճը՝ 118 տոկոս:

Գլխավորգիտաշխատող՝ 138 հազար 100-ից 367 հազար 100 դրամ, աճը՝ 165 տոկոս:

Գիտականխմբիղեկավար՝ 129 հազար 100-ից 230 հազարդրամ, աճը՝ 78 տոկոս:

Գիտականստորաբաժանմանղեկավար՝ 141 հազար 400-ից 350 հազարդրամ, աճը՝ 147 տոկոս:

Հարցը, թե արդյոք այդ մասնագետների գլուխն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, արդյոք վերջին 10 տարում գոնե մեկ գիտական հոդված հրապարակե՞լ են, թե՞ ոչ, բացարձակ էական չէ Նիկոլի համար։ Չկան չափորոշիչներ կառավարության անդամների ու պատգամավորների համար, ինչի՞ պետք է դրանք մշակել գիտաշխատողների համար։ Աշխատավարձ է, կտանք կամ էլ կդրժենք խոստումը՝ ինչպես ջրի սակագինը չբարձրացնելու երաշխիքի դեպքում էր։ Եւ հետո՝ նախկիններն էլ հո՞ կան ու կան։

Ինչպես նաև էական չեն զգալի թանկացումները, որոնց պարագայում հնարավոր է նույնիսկ բարձրացված աշխատավարձերով այդ գիտաշխատողները չկարողանան բարձրացնել իրենց կյանքի որակը։ Դե հո՞ այսպիսի տհաճ բաների մասին փրկիչը չի գրի իր էջում։

 

Հեղինակ` Արման Սուլեյմանյան