ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
22 Mar 2022

Զսպել Թուրքիային՝ ինչ գնով էլ լինի

Զսպել Թուրքիային՝ ինչ գնով էլ լինի

Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունն արմատապես փոխել է տարածաշրջանի անվտանգության համապատկերը, և սևծովյան ավազանի մի շարք երկրներ, նախևառաջ Թուրքիան, փորձում են ռեգիոնալ անիշխանության վակուումը լցնել իրենց ներկայությամբ։ Անկարան նաև դիվանագիտական կարգավորման դերակատարում է ստանձնել՝ փորձելով հաշտեցնել Կիևին և Մոսկվային։ Սակայն որքան էլ Թուրքիայից երեսպաշտ հայտարարություններ հնչեն հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, Էրդողանի վարչակարգն անթաքույց կերպով աջակցում է Ուկրաինային՝ ռազմական զգալի օգնության տրամադրումից մինչև դիվանագիտական ու քարոզչահոգեբանական գործակցություն Զելենսկու վարչակարգի հետ։

Ճիշտ է, ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների՝ Թուրքիան այդպես էլ պատժամիջոցներ չսահմանեց Ռուսաստանի և այդ երկրի քաղաքական ու տնտեսական վերնախավերի դեմ, ամեն դեպքում՝ շարունակում է իրեն դրսևորել որպես Մոսկվայի հետ երկարաժամկետ ռազմավարական դիմակայություն ունեցող երկիր։ Այս պահին, օրինակ, Ուկրաինայի տարածքում Թուրքիայի զինուժի երկու ռազմատրանսպորտային ինքնաթիռ կա։ Զուգահեռաբար՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն փորձում է ռուսական կողմի վեց կետանոց պահանջների հարցում համաձայնություն կորզել Կիևից։ Էրդողանի զանգերի հետևողականությունը մե՛կ Պուտինին, մե՛կ Զելենսկուն, ապա և Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Լավրովի և Կուլեբայի հանդիպման կազմակերպումն արտաքուստ վկայում է թուրքական կողմի ակտիվ միջնորդական ջանքերի մասին, մինչդեռ իրականում Սևծովյան տարածաշրջանում Թուրքիայի անառողջ հավակնություններն ամրապնդելու փորձի մասին է։

Նախ, Անկարան շարունակաբար հիշեցնում է իր հավատարմությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ասել է, թե կասկածի տակ է դնում ոչ միայն ընթացիկ ռազմագործողությունների լեգիտիմությունը, այլև 2014-ին Ռուսաստանին միացված Ղրիմի և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների պատկանելության հարցը։ Ավելին, մարտի սկզբից Թուրքիան, հղում անելով Մոնտրյոյի կոնվենցիային, փակել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի առջև՝ զգալիորեն դժվարացնելով ուկրաինական մերձսևծովյա բնակավայրերի ռազմակալումը։ Ստացվում է՝ Անկարան չի ուզում զոհաբերել Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունները, մյուս կողմից՝ նրա համար կարևոր է Արևմուտքին ցույց տալը, որ պատրաստ է աջակցելու հետխորհրդային տարածքի նոր բարիկադավորմանը։

Էրդողանական վարչակարգը, նեոօսմանական հավակնությունների մասին բարձրաձայն հայտարարելով, իրեն դիրքավորում է որպես մահմեդական Արևելքի ձգողության կենտրոն, որում պետք է խաչվեն Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք ուղեգծերը, ինչն էլ կնպաստի այս երկրի միջազգային դերակատարության բարձրացմանը։ Իր այս ռազմավարությունն իրացնելու համար Անկարան ամեն կերպ փորձում է հավասարահեռ մնալ հիմնական համաշխարհային ուժային կենտրոններից, որքան էլ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է։ Այս հանգամանքի ուժով՝ Թուրքիան չի կարող, օրինակ, հակառուսական պատժամիջոցների փաթեթ ընդունել։ Միաժամանակ, Անկարան զգուշավոր է նաև անգլոսաքսոնական հավակնություններն սպասարկելու հարցում, այն է՝ խորացնել Ռուսաստանի և Թուրքիայի դիմակայությունն ու այդպիսով վերաբաժանել ազդեցության գոտիները։

Էրդողանի վարչակարգն զգուշանում է Ռուսաստանի քաղաքական-դիվանագիտական մեկուսացումից, քանի որ Անկարային բացարձակ ձեռնտու չէ Արևելյան Եվրոպայի գերռազմականացումն ու սպառազինությունների նոր մրցավազքն այդ տարածաշրջանում։ Սևծովյան տարածաշրջանում, Բալկաններում և Արևելյան Միջերկրածովյան ավազանում առկա ստատուս-քվոն Թուրքիայի սրտով է, և հարձակողական զենքի նոր խմբաքանակների կուտակումն այդտեղ կարող է վտանգահարույց լինել սառեցված հակամարտությունների բորբոքման դեպքում։

Ի վերջո, Թուրքիան աչքաթող չի անում նաև իր արևելյան ուղղությունը՝ Հայաստանի հետ ուղիղ երկխոսության գործընթացը։ Հաշվի առնելով հայաստանյան իշխանության անհոգությունն ու արհեստավարժության իսպառ բացակայությունը՝ Անկարան վստահաբար փորձելու է դիրքերն առավելագույնս ամրապնդել նաև հարավկովկասյան տարածաշրջանում։ Եթե Ադրբեջանում թուրքական ազդեցության մասին խոսելն ավելորդ է, իսկ Վրաստանում Անկարան պարզապես տնտեսական էքսպանսիոնիզմի քաղաքականություն է իրականացնում՝ դուրս մղելով տեղական արտադրողին, կարելի է ենթադրել, թե դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում ինչպես է վարվելու, կոշտ, փափուկ և խելացի ուժի ինչպիսի հմուտ համադրությամբ է գործելու հակառակորդ համարվող պետությունում՝ Հայաստանում։ Հետևաբար, ռազմավարական մտածողություն ունեցող վերնախավերի խնդիրը մեկն է՝ կանխել թուրքական ներկայության և ազդեցության մեծացման բոլոր փորձերը, զսպել ցեղասպան այդ պետությանը՝ ինչ գնով էլ լինի։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան