ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
18 Mar 2022

Եվրոպան՝ անվտանգության և ինքնիշխանության ճգնաժամի առջև

Եվրոպան՝ անվտանգության և ինքնիշխանության ճգնաժամի առջև

Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր Արևմտյան Եվրոպայի պետությունների, հատկապես Գերմանիայի համար պատերազմ սանձազերծելը կամ դրանում ներգրավվելը անհավանական և անընդունելի մի բան էր թվում։ Եվրոպական աշխարհամասում ստեղծված միջազգային կառույցները, նախևառաջ՝ Եվրոպայի խորհուրդը, հենց հաշտության, խաղաղության և բարիդրացիության ապահովման նպատակ էին հետապնդում։ Եվ այսօր, երբ արևելաեվրոպական խոշորագույն երկիրը՝ Ուկրաինան, հայտնվել է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության թիրախում, արևմաեվրոպական տերությունները, նախևառաջ՝ Ֆրանսիան և Գերմանիան, հարց են տալիս՝ հաջողե՞լ են արդյոք անցած տասնամյակներում բավականաչափ մարտունակ և սպառազեն բանակ ստեղծել՝ հնարավոր ագրեսիաներին դիմագրավելու համար։

Անգամ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում են ընդունում, որ եվրոպական որևէ երկիր ի զորու չէ Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական դիմակայության դեպքում նրան ոչ միայն հաղթելու, այլև զսպելու։ Դա կարող է անել միայն ՆԱՏՕ-ն իր ամբողջական անդրատլանտյան ներուժով։ Եվ այսօր արդեն եվրոպական քաղաքական վերնախավերն իրենք են ընդունում, որ սխալվել են՝ ռազմական անվտանգության ապահովման հարցում հույսը դնելով բացառապես ՆԱՏՕ-ի, ասել է, թե՝ ԱՄՆ-ի վրա։ Ֆրանսիան, որը Եվրամիության ամենամարտունակ ու լավ սպառազինված բանակն ունի՝ սեփական ռազմական ամենագնացներից մինչև տիեզերական արբանյակներ, կործանիչներից մինչև ատոմային սուզանավ, արձանագրում է, որ անպատրաստ է մի շարք անհամաչափ անվտանգային սպառնալիքների, ինչպես, օրինակ, 2015-ին՝ Փարիզի բռնարարքների ժամանակ։

Եվ ահա, մի կողմից գրեթե ամեն օր եվրոպացի առաջնորդները խոսում են ռուս-ուկրաինական հակամարտությանը ՆԱՏՕ-ի միջամտելու անթույլատրելիությունից, ամեն կերպ խորտակում Կիևի հույսերը՝ ռուսական հրթիռներն Ուկրաինայի երկնքում խոցելու հարցում, մյուս կողմից՝ զարմանքով հետևում Մոսկվայի ռազմական ներուժի գործադրմանը։ Գերճշգրիտ հարվածներ հասցնող բալիստիկ և թևավոր հրթիռները, այդ թվում՝ հայաստանյան հանրությանը ծանոթ և մեր զինանոցում առկա «Իսկանդեր-Մ»-ը, պետք է ընդունել, անհանգստություն և անգամ խուճապ են առաջացրել ոչ միայն բուն Ուկրաինայում, այլև ամբողջ մայրցամաքային Եվրոպայում։

Դեռևս իր նախագահության օրոք Դոնալդ Թրամփն իրեն բնորոշ անմիջական ոճով հեգնեց Եվրոպային անվտանգության հարցերում «չափից դուրս անհոգության» համար, ավելին՝ փաստեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չափազանց քիչ ֆինանս են ծախսում սեփական պաշտպանության համար։ Իրականում Թրամփն իրավացի էր անգամ այսօր ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ընդամենը մեկ երրորդն է պաշտպանության ոլորտին ուղղում Համախառն ազգային արդյունքի փոխհամաձայնեցված ցուցանիշը՝ երկու տոկոսը։ Հիմա արդեն ակնհայտ է, որ 1999-ից ի վեր ՆԱՏՕ-ի արևելյան ընդարձակման մի քանի ալիքները, որոնց արդյունքում անդամ-երկրների թիվը գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով երեսունի, անվերադարձ ավարտվել են, և Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնվելու որևէ հեռանկար չունի։ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիայի անդամակցությունն այդ կառույցին իսպառ բացառվում է, անգամ Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամության հարցը երկար ժամանակով կառկախվի։

Ավելին, շատ հնարավոր է, որ Ուկրաինայում Մոսկվայի իրականացրած հատուկ ռազմագործողությանն ի պատասխան՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կրավորական վերաբերմունքը տեսնելով՝ մերձբալթյան և արևելաեվրոպական որոշ երկրներ սահմանափակվեն ՆԱՏՕ-ի անդամության բացառապես քաղաքական և ոչ ռազմական համատեքստով։ Ֆրանսիայի նախագահն օրեր առաջ վերահաստատեց ՆԱՏՕ-ի «ուղեղային մահվան» մասին 2019-ին արած սեփական հայտարարությունը։ Դաշինքի կարևորագույն եվրոպական խաղացողի ղեկավարի այս խոսքը նմանվում է տարիներ առաջ Եվրամիության քաղաքական ղեկավարության շրջանակներում իրենց իսկ գլխավորած կառույցի ապագայի հանդեպ առկա թերահավատությանն ու կասկածամտությանը։ Հետևաբար, Հյուսիսատլանտյան դաշինքի գաղափարախոսական, քաղաքական և բովանդակային փոխակերպումները ևս կարծես սարերի հետևում չեն։

Արդեն իսկ ակնհայտ է, որ Գերմանիան և Ֆրանսիան փորձում են Եվրամիությունը դարձնել նոր աշխարհակարգի կարևոր տնտեսաքաղաքական բևեռ։ Դրա նախապայմաններից մեկը, իհարկե, միասնական եվրոպական բանակի ստեղծումն ու ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարությունից որոշակի հեռավորություն պահելն է։ Եվրոպական անվտանգային միջավայրի ճարտարապետության կառուցման նոր փուլն ավարտված է։ Այն սկսվել էր ԽՍՀՄ փլուզմամբ և Հարավսլավիայի ռազմակալմամբ ու մասնատմամբ, կավարտվի ՌԴ-ի և Ֆրանսիա-Գերմանիա երկյակի կամքի թելադրմամբ։ Բնականաբար, լուրջ վերանայման կենթարկվեն նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Մեծ յոթնյակի ձևաչափերը, մասնավորապես՝ Արևելքի հսկաների՝ Չինաստանի և Հնդկաստանի աճող թափը։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան