ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
15 Mar 2022

Ամերիկյան զե՞նք, թե՞ խաղաղություն. ո՞րը կընտրի Ուկրաինան

Ամերիկյան զե՞նք, թե՞ խաղաղություն. ո՞րը կընտրի Ուկրաինան

Ռուս-ուկրաինական հակամարտությունը բուռն թափով շարունակվում է, հընթացս՝ շահագրգիռ կողմերը՝ Մոսկվան, Կիևը, Փարիզը, Բեռլինը և Բրյուսելը, շարունակաբար դիվանագիտական ջանքեր են գործադրում ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ, ներառյալ պետությունների ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները և արտաքին գործերի նախարարների հանդիպումները։ Սակայն Վաշինգտոնը շարունակում է Ուկրաինայի զինումը՝ խոչընդոտելով հակամարտության դադարեցումը։ Ռուսաստանը, Ուկրաինան և ԵՄ-ն ցանկանում են հնարավորինս արագ ավարտել ռազմագործողությունները, քանի որ հենց իրենք են ուղղակիորեն տուժում դրանցից։ Չնայած էական տարաձայնություններին՝ նրանք անկեղծորեն փորձում են դիվանագիտական ջանքեր գործադրել և դադարեցնել պատերազմը։

Սակայն ԱՄՆ-ն, որն Ուկրաինայի հետ համերաշխության պատրանք է ստեղծում, իրականում ոչ թե այդ երկրում խաղաղության վերականգնման նպատակ է հետապնդում, քանի որ այդ հակամարտության օջախից շատ հեռու է, այլ փորձում է այն հնարավորինս երկարաձգելով՝ առավելագույնս մեկուսացնել Ռուսաստանին, թուլացնել Եվրամիության տնտեսությունը, ինչպես նաև՝ ամրապնդել սեփական ռազմական ներկայությունը եվրոպական աշխարհամասում և առհասարակ վերահսկողությունը Եվրոպայի նկատմամբ։ Ռուս-ուկրաինական վերջին բանակցությունները կողմերն անվանեցին «կառուցողական», հետևաբար՝ պետք է վիժեցնել հնարավոր պայմանավորվածությունները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ պարբերական հեռախոսազրույցներում հորդորում է նրանց ճնշում գործադրել Կիևի վրա՝ դադարեցնելու ուկրաինական ազգայնական գումարտակների գործունեությունը։ Իրենց հերթին, Փարիզն ու Բեռլինը կրակի անհապաղ դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման կոչ են անում Մոսկվային։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների դիվանագիտական խողովակ ևս հաստատված է, այդ թվում՝ բարձր մակարդակի։ ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Դմիտրի Կուլեբան, ճիշտ է, չկարողացան հրադադարի շուրջ պայմանավորվել, բայց կշարունակեն բանակցել։ Դա վկայում է կողմերի՝ երկխոսելու պատրաստակամության մասին։

Սակայն ԱՄՆ-ն, այս հակամարտության բորբոքման հարցում նշանակալի դեր խաղալով, Ուկրաինային այս օրերին աննախադեպ ծավալի սպառազինում է՝ այդպիսով նպաստելով պատերազմի երկարաձգմանը։ Վաշինգտոնն արդեն իսկ հայտարարել է Կիևին 200 միլիոն դոլարի լրացուցիչ հրաձգային զենքի, հակատանկային և զենիթահրթիռային միջոցների տրամադրման մասին։ Զելենսկու վարչակազմը Վաշինգտոնին խնդրում է ավելի մեծացնել ռազմական օգնության ծավալները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն թույլատրել է զենքի լրացուցիչ խմբաքանակի առաքումն Ուկրաինա, և այն շտապ կարգով պետք է հասցվի Կիև։ Նրա այս որոշումից հետո հակամարտության ընթացքում ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր արժողությունը հասավ 1,2 մլրդ դոլարի, իսկ 2014-ից սկսած՝ 3,3 մլրդ դոլարի։ Այսպիսով՝ ակնհայտ են ԱՄՆ-ի և Եվրամիության հետաքրքրությունների և դիրքորոշումների միջև խոր հակասությունները։

ԱՄՆ-ի կողմից Կիև առաքվող սպառազինության ահռելի ծավալը, սակայն ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելը որևէ կերպ չի կարող ընկալվել որպես դաշնակցային օգնություն․ ավելի շատ կողմերին հեռահար սադրելու է նման։ Կարող է թվալ, թե ԱՄՆ-ն փորձում է օգնել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում, սակայն զենքի տրամադրման իրական նպատակը բոլորովին այլ է։ 

Ռուս-ուկրաինական դիմակայությունը խնդրահարույց է նախևառաջ եվրոպական անվտանգության տեսակետից։ Խոսքն ուղղակիորեն եվրոպական ժողովուրդների գոյատևման մասին է։ Ֆրանսիայի և Գերմանիայի համար սա ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև պարզ տնտեսական հարց է և ընդհուպ սննդամթերքի անվտանգության խնդիր։ Էներգակիրների գները տասնապատիկ բարձրացել են, և Եվրոպան խուճապի է մատնվել։ Եվրոպայի հացահատիկի գլխավոր շտեմարան Ուկրաինան արդեն բաց է թողել գարնանացանը, իսկ դա նշանակում է, որ Եվրոպան կարող է բախվել սննդամթերքի պակասորդի՝ ուկրաինական հացահատիկի ներմուծման ծավալների կրճատման պատճառով։

Իսկ ահա ԱՄՆ-ի համար Ուկրաինան հեռավոր, անդրօվկիանոսյան մի երկիր է, որն իր ներքին անվտանգության ապահովման հարցում որևէ նշանակություն չունի։ Վաշինգտոնն Ուկրաինայում չունի լուրջ հետաքրքրություններ, բացի նրանից, որ այդ երկիրը Ռուսաստանի դեմ երկարաժամկետ դիմակայությունում կարևոր խաղաքար է։ Հետևաբար՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է հակամարտության սրմամբ, և Եվրոպայում իրավիճակի լարումը կարող է ծառայել հօգուտ Վաշինգտոնի։ Դրանով ԱՄՆ-ն ոչ միայն կուժեղացնի իր դիրքերը Հին աշխարհում, այլև կսկսի սեփական էներգակիրների մասշտաբային արտահանումը Եվրոպա։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան