ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
11 Mar 2022

Եվրոպան դուրս կգա՞ ԱՄՆ-ի աքցանից

Եվրոպան դուրս կգա՞ ԱՄՆ-ի աքցանից

Ներկայիս համաշխարհային զարգացումների, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին առավել քան տարօրինակ են հնչում ընդամենը երեսուն տարի առաջ Խորհրդային Միության իրավահաջորդ հռչակված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ամերիկյան քաղաքական վերնախավի մոտեցումներն ու սպասումները։ Օրինակ, 1993-ին ԱՄՆ պետքարտուղար Քրիստոֆեր Ուորենը պնդում էր, թե 2005-ին ՌԴ-ն կլինի ՆԱՏՕ-ի անդամ: Մինչդեռ փաստ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք ԱՄՆ-ն կարողանում էր անցկացնել 1990-ականներին, այսօր այլևս չեն դիմանում Մոսկվայի և Պեկինի կրկնակի վետոյին: Հետևաբար՝ միջազգային հարաբերություններն ավելի շատ սկսում են բնորոշվել ոչ թե մեկ տերության գերակայությամբ, այլ տարածաշրջանային տերությունների համագործակցությամբ և մրցակցությամբ:

Եթե նախորդ երեսնամյակի սկիզբը նշանավորվում էր փոփոխվող աշխարհակարգից ակնկալվող լավատեսական սպասումներով ու հույսերով, ներկայիս գլոբալ փոփոխությունները ոչ մի լավ բան չեն խոստանում, ավելին՝ մեծացնում են անորոշությունն ու քաոսի հավանականությունը: Իհարկե, գլոբալ աշխարհն այսպիսով չի ավարտվում, բայց այն գնալով ավելի է հատվածավորվում: Գլոբալ հանրույթին փոխարինելու են գալիս տարածաշրջանային հանրույթների խմբերը: ԱՄՆ-ում Սառը պատերազմի ավարտից ի վեր իշխող քաղաքական վերնախավերի, այդ թվում՝ Ջո Բայդենի վարչակազմի համար, հատկապես մեծ դժվարությամբ է տրվում արտաքին քաղաքականության արմատական փոփոխության գնալը:

ԱՄՆ արդեն որերորդ նախագահը չի կարող համակերպվել այն իրողության հետ, որ այսպես կոչված «ժողովրդավարական ընդլայնման» ռազմավարությունն արդեն սպառել է իրեն, և եվրաատլանտյան հաստատությունների, արժեքների և սկզբունքների աստիճանական, բայց պարտադիր տարածումն այլ տարածաշրջաններում այլևս իրատեսական չէ: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն հույս ուներ, որ Եվրոպան իր հորդորով կհրաժարվի ռուսական էներգառեսուրսներից, բայց դա տեղի չունեցավ։ Մինչդեռ ակնհայտ է, որ առանց Եվրամիության, հատկապես Գերմանիայի և Ֆրանսիայի աջակցության՝ Վաշինգտոնը չի կարող իր համար ցանկալի հուժկու հարվածը հասցնել ռուսաստանյան տնտեսությանը, հատկապես դրա կարևորագույն բաղադրիչին՝ նավթագազային սեկտորին։ Ե՛վ կանցլեր Շոլցը, և՛ նախագահ Մակրոնը միարժեքորեն հայտարարել են, որ չեն հրաժարվելու ռուսական նավթից և գազից։

Տնտեսագետների հաշվարկմամբ՝ ՌԴ-ն իր նկատմամբ կիրառված պատժամիջոցների ծավալով արդեն իսկ առաջ է անցել Իրանից։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավթի, բնական գազի և ածխի ներմուծումը։ Եթե անգամ Ջո Բայդենն է ընդունում, որ շարքային ամերիկացիները որոշակի անհարմարություններ են զգալու իրենց իսկ սահմանած պատժամիջոցներից, ապա արժե պատկերացնել, թե սոցիալ-տնտեսական ինչպիսի ճգնաժամ կարող է սպասվել Եվրոպային, եթե էներգակիրները շարունակեն այս տեմպով թանկանալ։ 2021-ին Եվրամիության ամբողջ տարածքի բնական գազի 45 տոկոսը մատակարարել է Ռուսաստանը, այն նաև նավթի խոշորագույն մատակարարն է։ Եվրոպական շուկայում բնական գազի տասնապատիկ թանկացումը ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային տնտեսության կոլապսի է հանգեցնելու։

Վաշինգտոնը փորձում է այլ երկրների նկատմամբ իր ունեցած հարկադրանքի միջոցներով Ռուսաստանն առնել պատժամիջոցների օղակի մեջ՝ և՛ քաղաքականապես, և՛ տնտեսապես մեկուսացնելով նրան։ Ավելին, Եվրամիության անդամների շարքերում միակամություն չգտնելով՝ ամերիկյան վարչակազմն անգամ արևելյան երկրներին է կոչ անում հետևել իր օրինակին և կասեցնել Ռուսաստանի հետ գործակցությունը։ Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հակադարձումը, թե իրենք ԱՄՆ-ի ստրուկները չեն, լիարժեքորեն բնութագրում է ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների մեծ մասի դիրքորոշումն այս հարցում՝ Հնդկաստանից մինչև Ինդոնեզիա։

Հիմա արդեն վստահաբար կարելի է պնդել, որ եվրոպական աշխարհամասը Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր ամենաբարդ ճգնաժամի շեմին է։ Դրա հանգուցալուծումը և վերջնարդյունքը կպայմանավորեն Եվրամիության և առհասարակ եվրոպական քաղաքակրթության ու արժեհամակարգի ճակատագիրը։ Եվրոպան կվերածվի ԱՄՆ-ի ռազմավարական վասա՞լի, թե՞ կդառնա բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն կենտրոններից մեկը․ այս հարցի պատասխանը տրվում է այսօր և հիմա՝ ուկրաինական ճգնաժամի օրերին։

Ռուս-ուկրաինական պատերազմը հասկանալիորեն սրել է եվրոպացիների անվտանգային մտավախությունները՝ Էստոնիայից մինչև Լեհաստան։ ԱՄՆ-ն սպեկուլյատիվ կերպով խորացնում է դրանք։ Ակնհայտ է, որ այսպես կոչված «ռազմավարական ինքնուրույնության»՝ Եվրամիության տասնամյակներ շարունակ դավանած քաղաքական ուղեգիծը զգալիորեն հետընթաց է ապրել։ Եվ եթե Եվրոպայում այսօր ապագայի շուրջ միակամություն չդրսևորվի, ապա անվտանգության ոլորտում նրա կախվածությունն ԱՄՆ-ից ավելի կմեծանա, ինչն էլ կբերի Եվրամիության ռազմավարական ինքնուրույնության էլ ավելի նվազմանը։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան