Եվրամիությունը միջազգային դոնորների առցանց համաժողով է անցկացնում՝ ընդդեմ կորոնավիրուսի
Մայիսի 4-ին եվրոպական մի շարք երկրներում ուժի մեջ է մտնում սահմանափակումների մեղմացման մասին որոշումը: Մասնավորապես, Իտալիայում, որը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով աշխարհում 2-րդն է՝ գրեթե 29 հազար մահվան ցուցանիշով, ուժի մեջ է մտնում մեկուսացումից դուրս գալու որոշումը:
Թուրինի քաղաքապետի վստահեցմամբ՝ քաղաքը պատրաստ է մեկուսացումից դուրս գալուն. իրականացվել են ախտահանիչ աշխատանքներ, ուղևորների համար սահմանվել են տրանսպորտից օգտվելու կանոններ` ինչպես բարձրանալ տրանսպորտ, ինչպես իջնել, պարտադիր դիմակ կրել։ Դիմակներներն էլ կարող են ստանալ հենց տրանսպորտային միջոցի ներսում։
Վարակվածների թվով աշխարհում 2-րդ երկրում՝ Իսպանիայում, որտեղ 25 հազարից ավելի մարդ է արդեն մահացել, մայիսի 4-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս դիմակ կրելը եւս պարտադիր է դառնում:
Ֆրանսիայում համազգային կարանտինը հանվում է մայիսի 11-ին: Երկրի Կրթության նախարարությունը տարածել է անվտանգության կանոնների վերաբերյալ ուղեցույց՝ մանկապարտեզների ու դպրոցների բացման հետ կապված: 50 էջանոց այս ուղեցույցում մանրամասնորեն շարադրված են սանիտարահիգիենիկ բոլոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ է անցկացնել մինչ այս հաստատությունները կընդունեն սաներին ու աշակերտներին։
Մեծ Բրիտանիայում մահացության ցուցանիշը, փորձագետների կանխատեսմամբ, կարող է անցնել Ապենինյան թերակղզու անտիռեկորդը, իսկ կառավարությունն, այսուհանդերձ, պատրաստվում է հրապարակել ինքնամեկուսացման ռեժիմից դուրս գալու ծրագրերը։ Սակայն ռիսկային խմբում գտնվողները՝ տարեցները եւ խրոնիկ հիվանդություններ ունեցողները, մի որոշ ժամանակ եւս կմնան կարանտինի մեջ։
Ի դեպ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հեռախոսացրույց են ունեցել, որում անդրադարձել են ԱՀԿ խնդիրներին, ինչպես նաև քննարկել են Չինաստանում կորոնավիրուսի ծագման հետ կապված անկախ քննություն անցկացնելու հնարավորությունը:
ՌԴ-ն հաստատված դեպքերի թվով զգալի աճ է գրանցել՝ օրեցօր նոր հակառեկորդներ սահմանելով, ուստի խոսել վիրուսի տարածումը կանխելու մասին դեռ անհնարին է։