ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ
06 May 2017

Ռոբերտ Աբաջյան

«Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:

Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան. ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին, Երևանում։


2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-Ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումներն անցնում են լայնամասշտաբ հարձակման։ Մոտ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաև տանկերով, փորձում են գրավել հայկական դիրքերը։ Անհաջող փորձից հետո թշնամին հետ է քաշվում և կրկին սկսում հրետակոծել հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։

Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում առկա իրավիճակի մասին։

Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս գալիս և ասում, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակն ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի...