ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ
06 May 2017

Հենրիխ Մխիթարյան

«Եթե չդառնայի ֆուտբոլիստ, ապա դառնալու էի վազորդ»:

Սիրած ֆիլմը` «300 սպարտացիները» նախընտրելի գույները՝ սպիտակն ու կապույտը, նախընտրած երաժշտությունը R&B, սիրում է ընթերցանություն, տիրապետում է հայերենի, ռուսերենի, ֆրանսերենի, անգլերենի, պորտուգալերենի և գերմաներենի: Հենրիխ Մխիթարյան կամ պարզապես՝ Միկի:


Ծնվել է 1989 թ-ի հունվարի 21-ին, Երևանում: Հայրը՝ Համլետ Մխիթարյանը, որը 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր, մահացել է 33 տարեկանում՝ գլխուղեղի քաղցկեղից։ Հենոն մանկությունն անցկացրել է Ֆրանսիայում: Հոր մահից հետո ընտանիքը վերադառնում է Երևան:


Մխիթարյանը 1995 թ. միանում է Երևանի «Փյունիկին»՝ աճելով ու դառնալով Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը:
2009 թ.-ին ապագա աստղը «Փյունիկի»-ից տեղափոխվում է Ուկրաինայի Պրեմիեր լիգա՝ Դոնեցկի «Մետալուրգ»: Տպավորիչ մրցաշրջանից հետո, հաջորդում է նույն քաղաքի առավել մեծ ակումբը՝ «Շախտյոր»: «Հանքափորների» հետ նա ավելի է աճում՝ դառնալով 2012/13թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու:


2013 թվական. Հայ ֆուտբոլիստն արդեն Դորտմունդի Բորուսիայի ուշադրության կենտրոնում է: «Շախտյորից» տեղափոխություն Բունդեսլիգա: Մխիթարյանի տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին վճարում է 27.5 միլիոն եվրո, որով Հենրիխը դառնում է դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։ «Բորուսիայում» Մխիթարյանի առաջին մրցաշրջանն այդքան էլ հարթ չի ընթանում։ Ահռելի ճնշում, պատասխանատվության մեծ զգացում, բազմաթիվ վնասվածքներ, բայց ոչ երբեք՝ հուսալքություն:


2015 թվականի հուլիսին ակումբի ղեկը ստանձնում է Թոմաս Տուխելը և կարճ ժամանակում «Բորուսիան» ցույց է տալիս իր իրական դեմքը։  2015-ի սեպտեմբերին Հենոն իր 100-րդ խաղն է անցկացնում «Բորուսիայի» կազմում։ Նոյեմբերին Եվրոպայի լավագույն ռմբարկուների վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ 13 գոլով։ Մխիթարյան- Ռոյս- Օբամեյանգ եռյակը համարվում է Բորուսիայի և Եվրոպայի լավագույն տրիոներից մեկը։


Բորուսիայի 2015-2016 մրցաշրջանում 27–ամյա Մխիթարյանը Բունդեսլիգայում մասնակցում է 31 խաղի` դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, «Բորուսիայի» կազմում մասնակցում է 140 հանդիպման եւ դարձել 41 գոլի հեղինակ։


2015 թվական, հուլիսի 6, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարում է Դորտմունդի «Բորուսիայի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին: Նրա տրանսֆերն անգլիական ակումբը ձեռք է բերում ռեկորդային գումարով՝ 42 մլն եվրո, որով 27-ամյա ֆուտբոլիստը դառնում է հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը։