«Ադրբեջանը հայտարարում է՝ ճանապարհը պատկերացնում է ուղղակի «միջանցքի» տարբերակով, որով անարգել կգնա Նախիջևան. դա կնշանակի, որ ՀՀ սուվերենություն այլևս գոյություն չունի». Աշոտ Մելքոնյան. 168.am

Ադրբեջանը մի կողմից հայտարարում է, որ Հայաստանի հետ ավարտել է «խաղաղության պայմանագրի» կետերի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով բոլոր 17 կետերը, մյուս կողմից՝ 1 օրում 3 պաշտոնական հաղորդագրություն է տարածում՝ ՀՀ զինված ուժերին մեղադրելով իբր սահմանին սադրանքի դիմելու մեջ, ինչ երեկ հերքվեց ՀՀ Պաշտպանության նախարարության, իսկ այսօր՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության կողմից։
Ադրբեջանն այսպե՞ս է պատրաստվում խաղաղության, ի՞նչ է տալու Հայաստանին խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթուղթը, որն արդեն վերանվանվել է՝ դառնալով խաղաղության համաձայնագիր։
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ փաստաթուղթն Ադրբեջանին հետ չի պահելու իր նպատակներից։ Ավելին, Ադրբեջանը կարողացավ հասնել երրորդ կողմի՝ անվտանգության երաշխավորների բացառման տարբերակին։ Այսինքն՝ բանակցությունները դարձան ուղղակի հայ-ադրբեջանական։
«Մի կողմից՝ թվում է, թե սա դրական է, բայց մյուս կողմից, երբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեպքում չկա որևէ երաշխավոր, բնականաբար, այս պայմաններում խոսել այդ փաստաթղթի իրական անվտանգության երաշխիք լինելու մասին՝ ուղղակի ճիշտ չէ»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի ծրագրերին ու հայտարարություններին՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» բացելու հետ, Աշոտ Մելոնյանը նկատեց՝ նույնիսկ այդ փաստաթղթի ստորագրումից հետո չկա որևէ երաշխք, որ Թուրքիան ու Ադրբեջանը հետ կկանգնեն իրենց այդ ծրագրից։
«Պատմության մեջ ես մեկ դեպք գիտեմ, որը, այսպես կոչված ՝«Դանցիգի» կամ «Գդանսկի միջանցքն» է, որը Գերմանիան պահանջում էր Լեհաստանից, որպեսզի դուրս գար Արևելք, և այդ պահանջի վերջը եղավ Համաշխարհային պատերազմը։ Եթե գոյություն ունի միջազգային օրենք, որի համաձայն՝ որևէ երկրի նկատմամբ գործողություն իրականացնելիս, դու միջամտում ես նրա ներքին գործերին, դա նշանակում է ագրեսիվ գործողություն։
Վերցնենք, օրինակ, Առաջին Համաշխարհային պատերազմի սկսման առիթներից մեկը՝ Ավստրիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ Ավստրիացիները պահանջում էին, որպեսզի մտնեն Սերբիայի տարածք և այնտեղ իրականացնեն քննություն, դա նշանակում էր՝ այլ երկրի մարմիններ մտնեին տվյալ երկրի տարածք և նրա սուվերենությունը դարձնեին առոչինչ։
Հիմա եթե ադրբեջանական տրանսպորտային միջոցներն անարգել մտնում են Հայաստանի տարածք, սա նշանակում է, որ Հայաստանի սուվերենություն այլևս գոյություն չունի։ Ադրբեջանը սրա մասին հստակ հայտարարում է, որ այդ ճանապարհը պատկերացնում է ուղղակի «միջանցքի» տարբերակով, որի իմաստը հետևյալն է, որ կարող է Ադրբեջանի Արևելյան շրջաններից անարգել անցնել դեպի Նախիջևան։ Նրա առջև որևէ արգելք չի լինելու կամ չի կարող տեղի ունենալ որևէ մաքսային զննում»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։
Ըստ նրա, այս պայմաններում խոսել ՀՀ սուվերենության մասին՝ ավելորդ է, ուստի չպետք է որևէ խոսք լինի այդ միջանցքի մասին, որը կապված է նաև Հայաստանի գոյության հետ։
Աշոտ Մելքոնյանը խոսեց նաև վերջերս ՀՀ իշխանության հրավերով Հայաստան ժամանած թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների ու Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին՝ շեշտելով՝ նորություն չէ, որ տարբեր ժամանակներում հայ ղեկավարները հարցազրույցներ տվել են թուրքական լրատվամիջոցներին, սակայն չի եղել որևէ դեպք, որ Հայաստանի հրավերով թուրք լրագրողներ ժամանեն Հայաստան ու հարցազրույց անցկացնեն երկրի ղեկավարի հետ։
«Ենթադրում եմ, որ երկրի իշխանավորները կարծում են՝ որքան զգուշավոր, զիջողական դիրքերից հարևանների նկատմամբ քաղաքականություն վարեն, այնքան ավելի ապահով կլինի ու պատերազմից երկիրը կհեռացնեն։ Իհարկե, այդպես չէ, որովհետև այդ լրագրողների հետ հանդիպումով չէ, որ Թուրքիան կամ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իրենց ագրեսիվ նկրտումները կարող են չարտահայտել։
Այդ զգուշությունը հասկանում եմ, բայց կյանքը ցույց է տվել, որ դա ամենևին արդյունքի չի կարող բերել։ Որպես պատմաբան՝ կարող եմ ասել, որ Թուրքիայի մոտեցումները չեն փոխվել, և ժամանակի ընթացքում միշտ էլ ամեն մի հաջողությունը գրանցելուց հետո ավելի պահանջատեր ու ագրեսիվ են դառնում»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։
Պատմաբանը հիշեցրեց, որ հատկապես վերջին տարիներին Թուրքիան Հայաստանի հետ իր ամբողջ քաղաքականությունը մշտապես կառուցել է հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում և իր բոլոր գործողությունները համաձայնեցրել է Ադրբեջանի հետ։
«Ադրբեջանն օրեցօր ավելի ագրեսիվ է դառնում, և, բնականաբար, որևէ ակնկալիք չունեմ»,- ընդգծեց Աշոտ Մելքոնյանը։
Աղբյուրը՝ 168.am