ԼՐԱՀՈՍ
05 Mar 2025

Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը

Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը

ՀՅԴ հայտարարությունը Գյումրու ավագանու ընտրությունների վերաբերյալ

«Սիրելի՛ գյումրեցիներ,

մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններն անցկացվում են Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի և առկա մարտահրավերների պայմաններում։ Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Գյումրիի կառավարման տեսանկյունից, այլև, որպես պայքարի ևս մեկ հարթակ, իշխանության վերարտադրությունը կանխելու և ազգային շահերը պաշտպանելու համար։

Այս պայմաններում ՀՅԴ-ն ի սկզբանե կարևորել է Գյումրիում միասնական ընդդիմադիր ցանկով հանդես գալու անհրաժեշտությունը։ Նախընթաց շրջանում այս ձևաչափը կյանքի կոչել չհաջողվեց, ուստի, Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը։

ՀՅԴ-ն վստահ է, որ այս ընտրություններում ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը պետք է լինի ՔՊ-ին զրկել Գյումրիի կառավարումը զավթելու հնարավորությունից։

Ըստ այդմ, մենք կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին.

• հրապարակային և հստակ հայտարարությամբ բացառել ընտրություններից հետո իշխող ուժի թեկնածուի հետ համագործակցությունը,

• պատրաստակամություն հայտնել հետընտրական շրջանում համագործակցելու և աջակցելու այն թիմին, որը կստանա ընդդիմադիր ընտրազանգվածի առավելագույն վստահությունը։

Կոչ ենք անում մեր ընկերներին և համակիրներին իրենց քվեն տալ բացառապես այն ուժերին, որոնք հրապարակային ընդունում են այս սկզբունքները։

ՀՅԴ-ն ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների միջոցով վերահսկելու է ընտրությունների ընթացքը՝ արդար և թափանցիկ գործընթաց ապահովելու նպատակով»։

ՀՅԴ Գյումրու կոմիտե