ԼՐԱՀՈՍ
27 Nov 2024

«Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ». Վարդանյան

«Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ». Վարդանյան

Ն. Փաշինյանի ուղերձներից շատերը օրակարգ են նետվում, որպեսզի մենք քննարկումներ սկսենք։ Հարցը այն է, թե որն է դրա այլընտրանքը։ Ադրբեջանը երբեք չի վկայակոչել Հայաստանի որևէ ներքին օրենք, որով Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Բանախոսի դիտարկմամբ, տարբեր թեմաներ են դաշտ նետում, որպեսզի մենք դրանք քննարկենք և այլ բաներ չքննարկենք։ Օրինակ, թե ինչ են բանակցում Ադրբեջանի հետ։ Իսկ առհասարակ, արդյոք հիմա հնարավոր է Ադրբեջանի հետ որևէ բան պայմանավորվել։ Երբ գործ ունես այնպիսի ագրեսորների հետ, ինչպիսին Ալիևն ու Էրդողանն են՝ պետք է դիմագրավես բոլոր ռեսուրսներով, մանավանդ, որ տարածաշրջանում կան այնպիսի ուժեր, որոնք հետաքրքրված են դրանով։

Փորձագետը նշում է, որ պետք է հասկանանք, թե Ն. Փաշինյանի կայացրած որոշումներից որոնք են Ադրբեջանի պարտադրանքով եղել, որոնք՝ Թուրքիայի, կամ որ քայլերն են իրականացվել այլ ճնշումների ներքո։ Այդ մարդիկ նույնականացրել են իշխանություն ունենալը և ապրելը։ Այն մարդիկ, որոնք պատրաստվում են համագործակցել Ն. Փաշինյանի հետ, պետք է հասկանան, որ մի օր ստանալու են այդ sms-ը։ Հարց է առաջանում, թե այս ամենը նախընտրական քարոզչության շրջանակում է տեղի ունենում, թե այլ պատճառ կա, որի մասին այլ փուլում կիմանանք։

Պատգամավորը պարզաբանում է, որ Ն. Փաշինյանը խնդիր ունի իր մեղավորության սլաքները ուղղելու այլ կողմ՝ գտնելու քավության նոխազներ։ Մենք նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը մեղավոր են՝ բացի Ն. Փաշինյանից։ Բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, զարմանալի է, որ համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ։

«Պետք է դեռ պարզել, թե ով է երկրի իրական ղեկավարը։ Նոր թեկնածու են բերում ԲԴԽ ղեկավարի համար, ով Ա. Հակոբյանի հետ հանդիպումներից մեկին էր մասնակցել։ Ուստի հարց է առաջանում ՝ արդյոք պետք է Ա. Հակոբյանի հետ ընթրիքի մասնակցել՝ պաշտոն ստանալու համար։ Իսկ ով է Ա. Հակոբյանը, կամ ինչ պաշտոն է զբաղեցնում, որ պետք է պետական այցերի մասնակցի ու պահակախումբ ունենա։ Իրենք իրենց համար մոդել են դարձրել Ալիևների և Էրդողանների ընտանիքները»,- ասել է Ք. Վարդանյանը։

Աղբյուր` Փաստինֆո