ԼՐԱՀՈՍ
25 Nov 2024

«Խորշում եմ այդ ստերից. դա ցեղասպան թուրքի թերմացքի քաղաքականություն է». Լարիսա Ալավերդյան․168.am

«Խորշում եմ այդ ստերից. դա ցեղասպան թուրքի թերմացքի քաղաքականություն է». Լարիսա Ալավերդյան․168.am

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը խորշում է գործող իշխանությունների ստերից:

«Ես խորշում եմ այդ ստերից, այդտեղ անգամ մանիպուլյացիա չկա, դրանք մերկ ստեր են: Որևէ դրական արդյունք չի կարող լինել. լինելու է ավելի կոշտ մեկ անձի պաշտամունքի հասնող կառավարման համակարգ: Դա անգամ ավտորիտարիզմ էլ չէ: Այստեղ խղճուկ գիտելիքներով միապետի իշխանություն է լինում. Դեռ թողնենք մի կողմ, որ նա մազաչափ չի շեղվում այն ծրագրից, որի համար եկել է, ես խոսում եմ խորքային գիտելիքի պակասի մասին: Ինչին դիպչում են՝ պղծում են, և դա ոչ թե այլասերված գաղափարախոսությունների պատճառով է, այլ խղճուկ գիտելիքների կամ իրական գիտելիքի պակասի: Այդպիսի հիմքերով որևէ բարեփոխում չեն կարող անել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ մեկնաբանելով իրավապահ համակարգի բարեփոխումներն SMS-ով ոլորտի պատասխանատուներին աշխատանքից ազատելով և նոր նշանակումներ անելով պատկերացնող Նիկոլ Փաշինյանի գործելաոճին:

 Հարցին՝ իր նշած գիտելիքի պակա՞սն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հավասարության նշան է դնում Արևմտյան Հայաստանի և Արևմտյան Ադրբեջան կեղծ թեզի մեջ, նա պատասխանեց.

«Այդ հավասարության նշան դնելը գիտելիքի հետ կապ չունի՝ իր գաղափարախոսության հետ կապ ունի: Այդ թիմը դա հմտորեն է անում: Պայքարող կողմն այդ հմտությունները չունի: Ես շնորհակալ եմ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին, որը ցույց տվեց՝ որտեղ է գտնվում Արևմտյան Ադրբեջան կոչվածը: Ե՛վ քաղաքացի Փաշինյան Նիկոլը, և՛ իրեն իշխանության պահողները գիտեն, որ գոյություն չունի այդպիսի ո՛չ աշխարհագրական, ո՛չ պատմագրական որևէ տերմին: Որպես կատարող՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իրապես եզակի է: Օրվա իշխանության վարած քաղաքականությունը կարելի է բնութագրել՝ ինչպես թուրք ցեղասպանի թերմացք, դրանից ավել հնարավոր չէ պատկերացնել, դա իրոք ցեղասպան թուրքի թերմացքի քաղաքականություն է: Այլ բնութագիր չեմ կարող տալ»:

Իր հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույն հարթության վրա էր դրել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը և Արևմտյան Հայաստանը: «Հիմա մենք նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան», և դա մեզ գրգռում է, այդպես էլ, երբ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Լարիսա Ալավերդյանն այս հայտարարությունն անբարո է համարում և կարծում է՝ ավելին է, քան տգիտությունը:

Աղբյուրը՝ 168.am