Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները, կառավարությունը հրաժարական է տվել, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Հանրապետության սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի աշխատանքները սկսելուց անմիջապես հետո կառավարությունը պետք է հրաժարական տա։
Հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններում հաղթած իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել կառավարության ներկայիս ղեկավար Իրակլի Կոբախիձեին։ Նա իր հերթին ներկայացրել է կառավարության նորացված կազմը՝ արտաքին գործերի, արդարադատության և շրջակա միջավայրի նախարարությունների ղեկավարների երեք նոր թեկնածուներով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, որի արդյունքում հաղթեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը` հավաքելով քվեների 53,93%-ը: Այս արդյունքները հրաժարվեցին ճանաչել խորհրդարան անցած ընդդիմադիր բոլոր չորս ուժերը, նրանց աջակցող ՀԿ-ները և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վերջինս հայտարարեց, որ ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են։
Աղբյուրը՝ Yerkir.am