«Իշխող վարչախումբն իրականում չի կարող հակազդել կոռուպցիային»․ Մելքոնյան
«Կոռուպցիան Հայաստանում ձեռք է բերել համակարգային և համալիր բնույթ և հասել է իր ամենաբարձր ձևին, որը կարելի է անվանել «պետության զավթում»։
Բռնազավթված հայկական պետությունում իշխանությունն ամբողջությամբ սեփականաշնորհվել է իշխող քաղաքական, քրեաօլիգարխիկ կլանների կողմից, ինչը նրանց թույլ է տալիս օգտագործել իր բոլոր ուժային և հարկադիր լիազորություններն ու ռեսուրսներն ընդդիմությանը ճնշելու համար՝ իշխանության ղեկը իրենց ձեռքում պահելու համար։
Անցած վեց տարիների ընթացքում իշխող բռնապետական համակարգն իր խմբակի անդամների անձնական հարստացման, եսասիրական նպատակների համար իր վարահսկողության տակ է վերցրել պետական և մասնավոր հատվածի առավել եկամտաբեր բիզնեսները, խոշոր ֆինանսական հոսքերը, բնական ռեսուրսները, պետական և մասնավոր սեփականությունը։
Այսօր մեր երկրում տիրող կոռուպցիան, որը, ինչպես ժանգը, քայքայել է իշխանությունը, ոչնչացնում է պետությունը, ոչնչացնում է երկիրը, նրա բնական միջավայրն ու ռեսուրսները, և պարբերաբար կործանում է ավելի ու ավելի շատ մարդկանց ճակատագրեր՝ Աշոցքից մինչև Մեղրի։
Կոռումպացված իշխանությունն ի վիճակի չէ կառավարել պետությունը. Ներկայիս պաշտոնյաներին ոչ մի այլ բան չի հետաքրքրում, քան սեփական եսասիրական շահերը։ Նման կառավարությունն անկարող է հաղթահարել ո՛չ բնական աղետները, ո՛չ տեխնածին պատահարները, ո՛չ էլ օր-օրի աճող լուրջ անվտանգային մարտահրավերները։
Իշխող վարչախումբն իրականում չի կարող հակազդել կոռուպցիային, որը դարձել է նրա աշխատանքի հիմնական մեխանիզմը, քանի որ քաղաքական կոռուպցիայի շնորհիվ իշխանության եկած «երիտհեղափոխական» գործիչները ստիպված են «հատուցել» նրանց, ովքեր իրենց այնտեղ են բերել:
Օգտագործելով իրավապահ համակարգը, կարգավորող և վերահսկող տարբեր մարմինները, և ոչ պակաս՝ դատարանները՝ տնտեսական կոռուպցիան գործող իշխանության համար դարձել է սեփականության վերաբաշխման շարժիչ ուժը»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան