Հայ զինվորների մասին տեղեկություն չունենալը շատ մտահոգիչ է. Տիգրան Աբրահամյան
Նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանագոտում ծավալված մարտերի հետեւանքով հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ: Այս մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ 6 ժամ տևած մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 13 գերեվարված, 24 զինծառայողի հետ էլ կապը կորել է։ 24 զինծառայողի մասին տեղեկության բացակայությունը շատ մտահոգիչ է համարում ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով մասնագետ Տիգրան Աբրահամյանը։ Շեշտում է՝ չկան բավարար պատճառներ՝ զինծառայողների մասին որևէ տեղեկություն չունենալու համար։
Աբրահամյանն առավել մտահոգիչ է համարում գերեվարված զինծառայողների դրությունը։ Նկատում է, որ հրապարակված տեսանյութերից կարելի է ենթադրել, որ նրանց ֆիզիկական գոյության առումով ունենք բավական խնդրահարույց իրավիճակ:
Իշխանական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ վստահեցնում է, որ ամեն ինչ անում են՝ գերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու համար։ Զուգահեռաբար էլ, Աղաջանյանը շտապում է կրկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գերիների հարցով երկու օր առաջ բարձրաձայնած խոսքերը։ Ասում է՝ Իրավական գործընթաց պետք է տեղի ունենա՝ հասկանալու, թե ինչպես են զինվորները գերեվարվել ու հայտնվել Ադրբեջանում։
Երկրի թիվ մեկ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր, որ պետք է քննել, թե ինչ հանգամանքներում են զինծառայողները գերի ընկել ու պարզել, թե նրանց գերեվարվելու մեջ հանցակազմ կա, թե ոչ: Այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում: Եթե հանրությունը խնդրի էմոցիոնալ մասն է վերհանում, ապա անվտանգության ոլորտի փորձագետները ահազանգում են՝ երկրի առաջին դեմքի այս հայտարարությունը կարող է նոր խնդիրներ առաջացնել գերիների հայրենդարձման հարցում։