ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
15 Nov 2021

Սա արժանապատվության հաղթանակ էր․ Գեւորգ Փարսյան

Հայաստանի տարբեր համայնքներում նախօրեին ՏԻՄ ընտրություններ էին։ Հանրության ուշադրությունն առավելապես կենտրոնացած էր Կապան խոշորացված համայնքի ընտրությունների վրա: Ընտրությունն էլ երկու քաղաքական ուժերի՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև էր: Կապան քաղաքի և հարակից 38 համայնքների բնակիչները զգալի տարբերությամբ նախապատվությունը տվեցին Շանթ դաշինքին, որը նախընտրական ցուցակը գլխավորում էր Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Փարսյանի օգտին քվեարկեց համայնքի ընտրություններին մասնակցած 20,087 քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 13 962ը։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Դավիթ Դանիելյանը, ստացավ 5791 ձայն։  Գյուղական որոշ համայնքներում էլ ՔՊ-ն 0 կամ 1 քվե ստացավ: 

Կապանի ընտրությունները մեծ հաշվով ստվերել էին Տավուշի եւ Լոռու մարզերի որոշ համայնքներում անցկացվող ընտրությունները:  Նիկոլ Փաշինյանի հարազատ Իջևանում ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Իշխող ուժի օգտին քվեարկել է 10 հազար 3 մարդ։

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ևս իշխող ուժը ստացավ առավելագույն քվեն: ՔՊ-ի օգտին քվեարկել է 4 հազար 4 մարդ։