ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
25 Sep 2020

Լուկաշենկոն ամրապնդում է դիրքերը, իսկ Տիխանովսկայան շատ հեռուն է գնում

Բելառուսում իշխանության դեմ պայքարը նոր թափ է առել Ալեքսանդր Լուկաշենկոյի ծածուկ երդմնակալության արարողությունից անմիջապես հետո:
Երկիրը 26 տարի ղեկավարած Լուկաշենկոյի 6-րդ երդմնակալության ժամանակ փակվել են Մինսկի կենտրոնական փողոցները։ Նախագահ Լուկաշենկոյին ուղեկցող շարասյունը՝ մոտոցիկլետների ուղեկցությամբ, առավոտյան մի քանի րոպեում նախագահի կեցավայրից հասել է նստավայր՝ «Անկախության պալատ»։

Նախագահի երդմնակալության արարողությանը ներկա են եղել մի քանի հարյուր մարդ՝ պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, գիտության, մշակույթի գործիչներ: Երդմնակալության արարողության մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, այն չի ցուցադրվել երկրի պետական հեռուստատեսությամբ՝ ինչպես պահանջում է օրենքը։

Օգոստոսի 9-ի նախագահի ընտրություններից ի վեր Բելառուսում անհանգիստ է։ Երկրում ամենօրյա ռեժիմով բողոքի ցույցեր են։ Ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան երդմնակալությունից հետո հայտարարել է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին՝ որպես նախագահ։ Ավելին՝ ասել է, որ այսուհետեւ բոլոր հրամանները, որոնք Լուկաշենկոն տալու է ուժայիններին՝ ոչ լեգիտիմ են լինելու։