ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
15 Sep 2020

Վարկերի ու ավանդների վրա վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումն էականորեն չի անդրադառնա. կզսպվի միայն գնաճը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն նվազեցրեց 0.25 տոկոսային կետով՝ դարձնելով 4.25 տոկոս: 

Այս տարվա ընթացքում սա արդեն 4-րդ անգամ է, ինչ ԿԲ-ն իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Մարտին Գալստյանի հավաստիացմամբ՝ հիմնական նպատակը գների կայունացումն է եւ գնաճի զսպումը։

Մտահոգիչ է ՀՆԱ-ի ցուցանիշը․ նախկին 4% անկման փոխարեն կանխատեսում է 6,2 տոկոս անկում՝ պայմանավորված գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների և արդյունաբերության ոլորտների խնդիրներով: Գնաճի մասով․ այս տարի այն կկազմի 2․5, իսկ 2021 թ․, ըստ ԿԲ բազային սցենարի, 1․7-2 տոկոս:

Ինչ վերաբերում է համաշխարհային տնտեսության միտումներին, ապա այս տարվա 3-րդ եռամսյակի ընթացքում այն սկսել է որոշակիորեն վերականգնվել։ Համայնավարակով պայմանավորված զարգացումները դեռեւս անորոշ են, ինչն էլ իր հերթին հետաձգում է տնտեսական ակտիվության վերականգնումը։ Սա հատկապես վառ կերպով դրսեւորվում է զարգացած երկրների բորսայական ինդեքսների անկմամբ, հանքահումքային ապրանքների գների նվազմամբ, զարգացող երկրների փոխարժեքների արժեզրկմամբ։