Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի արձանագրությունները՝ բա՞ց, թե՞ գաղտնի կնիքի ներքո
«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Գարիկ Ղազարյանն օրեր առաջ ֆեյսբուքյան մի գրառում արեց, որը հակասական արձագանքներ ունեցավ: Ղազարյանը գրել էր, որ տեսել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի արձանագրությունները եւ դրանց բովանդակությունը նրան վրդովեցրել էր։
Գրառումից անմիջապես հետ արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նշեց՝ հանձնաժողովի՝ գաղտնի նյութեր պարունակող զեկույցը չպարզված հանգամանքներում հայտնվել է այդ նյութերին ծանոթանալու որևէ իրավասություն չունեցող անձի ձեռքում:
Չուշացավ նաեւ հակընդդեմ արձագանքը։ Գարիկ Ղարզարյանը գրեց, թե պատգամավորի մտահոգությունը անհիմն է:
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ օգտատիրոջ գրառման մեջ արտահայտած միտքը գաղտնի չէ, գաղտնի չեն նաև հանձնաժողովրի արձանագրությունները:
Ղազարյանի վերոհիշյալ գրառումը արդեն այսօր հասանելի չէ։ Այն հեռացվել է՝ թողնելով բազմաթիվ հարցականներ: