Բելառուսում անհետացել են ընդդիմության անդամները. Լուկաշենկոն էլ հրավիրվել է Մոսկվա
Բելառուսում ներքաղաքական կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև միտում ունեն նոր եւ ուժգին թափ հավաքելու: Բազմահազարանոց ցույցերն ու գործադուլները ամբողջ երկրում շարունակում են մնալ օրակարգային: Բելառուսի ընդդիմությունը հետքայլ անելու մտադրություն չունի, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ զիջելու մտադրություն չունի:
Օրը բարի չէր Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամների համար: Նրանք անհետացել են: Ըստ ականատեսների՝ անհայտ անձինք ձերբակալել են ու տարել խորհրդի համակարգող Մարիա Կոլեսնիկովային: Այս ամենը տեղի է ունեցել երկրում սպասվող՝ «Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար» միասնության քայլերթին ընդառաջ:
Այս զարգացումների ֆոնին էլ ՌԴ նախագահի խոսնակն այսօր հայտարարել է, որ Լուկաշենկոն առաջիկա օրերին կժամանի Մոսկվա՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: Ի դեպ, օրեր առաջ էլ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էր այցելել Մինսկ ու հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին․ նրանք քննարկել էին երկրում ստեղծված իրավիճակն ու դրա հնարավոր լուծումները:
Բելառուսի ՆԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ չարտոնված հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ռեժիմի ծառայություն, իսկ երկրի անվտանգությունն ապահովելու համար էլ գործադրվել է ոստիկանության հատուկ տեխնիկա եւ ներքին զորքերը։