ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
31 Aug 2020

«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ հիշեք, թե այդ օրն ինչ եք արել ձեր ազգի համար». Զորավար Անդրանիկ

«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնանալուց առաջ հիշեք, թե այդ օրն ինչ եք արել ձեր ազգի համար». Զորավար Անդրանիկի ամենահայտնի այս խոսքերը թերևս լավագույն ապացույցն են ազգի ու հայրենիքի հանդեպ մեծագույն սիրո ու նվիրումի: 93 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 31-ին, հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, մահացավ կյանքն անմնացորդ կերպով ազգին ու հայրենիքին նվիրած զորավարը։
Անդրանիկ Օզանյանը, նույն ինքը՝ Զորավար Անդրանիկը, ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։

Նախնական կրթությունը ստացել է Մուշեղյան վարժարանում, որն ավարտելուց մոտ մեկ տարի անց բանտարկվում է` տեղաբնակ հայերին ահաբեկող թուրքին ծեծելու համար: Անդրանիկին հաջողվում է փախչել բանտից ու հասնել Պոլիս,1886 թվականին Պոլիսից վերադառնում է Արևմտյան Հայաստան:
Ազգային ազատագրական պայքարին անդամագրվում է վաղ տարիքում, իսկ հեղափոխական գործունեությունը սկսում է թուրքական Սիվաս գավառից։

1891 թվականին միանում է Հնչակյան Կուսակցությունը, իսկ 1892 թվականին ձերբակալվում է Պոլսի ոստիկանապետ, հայատյաց Յուսուպ Մեհմեդ Բեյի սպանությանը մասնակցելու մեղադրանքով: Անդրանիկին կրկին հաջողվում է փախչել բանտից:
Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատներում սկսած նրա պայքարը 1901 թ.-ին շարունակվում է Մշո Առաքելոց վանքի ազատագրական կռիվներում, որտեղ կազմակերպում է Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլի սպանությունը։

1902-1904 թթ. Անդրանիկի գլխավորությամբ հայկական ջոկատները Սասունում, Տարոնում ու Վասպուրականում հաջող մարտեր են մղում թուրքական զորքերի դեմ: 1905 թվականին զորավար Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման գործիչների հետ քննարկում է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Այնուհետեւ մեկնում է երկարատև ճանապարհորդության՝ Ֆրանսիա, Շվեցարիա, Բելգիա, Բուլղարիա, Իրան, որտեղ հանրությանը տեղեկացնում է Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։

Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվում է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Ղեկավարելով այն՝ Անդրանիկն անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։

1918 թ. մայիսի 25-28-ին Լոռվա ճակատամարտում Անդրանիկը խափանում է թուրքական բանակի` Դիլիջանը գրավելու ծրագիրը, որից հետո թուրքերն ստիպված են լինում հեռանալ Լեռնային Լոռիից։
Անդրանիկը վիթխարի դեր խաղաց նաեւ Զանգեզուրի պաշտպանութան գործում։ Թուրքական զորքերի մոտ 40 տոկոսը ուղղվում է Զանգեզուր՝ Անդրանիկի դեմ։Ավելի ուշ՝ բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված է լինում հեռանալ Հայաստանից։ Ճանապարհին, Թիֆլիսով անցնելիս, ասում է.
«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

Անդրանիկը մահացավ հեռավոր ԱՄՆ-ում, նրա մարմինն ամփոփվեց Ֆրեզնոյի հայկական գերեզմանատանը: 1928 թ. Անդրանիկի աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000 թ.-ին Անդրանիկ Օզանյանի մասունքները բերվեցին Հայաստան ու վերաթաղվեցին Եռաբլուրում: