Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Հակոբջանյանների ընտանիքում օրեր առաջ տեղի ունեցած ահասարսուռ դեպքը բառի իսկական իմաստով ցնցեց բոլորին: Նախնական տվյալներով՝ 57-ամյա պապը իր հանգիստը խանգարելու պատճառով դաժան ծեծի է ենթարկել իր 4-ամյա եւ 6-ամյա թոռներին: 6-ամյա թոռան կյանքը, ցավոք, այդպես էլ փրկել չհաջողվեց. վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ: Երկու օր առաջ գիտակցության չգալով, փոքրիկը մահացավ հիվանդանոցում:
Հակոբջանյանների ընտանեկան դրաման այսքանով չավարտվեց. այդ ընտանիքի մյուս 5 երեխաներն էլ սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ Խաշթառակից տեղափոխվեցին Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:
ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ ծեծի ենթարկված երեխաների 28-ամյա մայրը եւս պարբերաբար, դաժան ծեծի է ենթարկել իր 5 անչափահաս երեխաներին, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիներին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: Նա ևս ձերբակալել էր, սակայն կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել։