ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
26 Aug 2020

100 տարի առաջ այս օրը կանայք ձեռք բերեցին ընտրական իրավունք

100 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 26-ը, շրջադարձային էր դառնալու կանանց իրավունքների հավասարության հարցում․ հենց այդ օրը ԱՄՆ Սահմանադրության 19-րդ լրացմամբ ամրագրվեց հիմնարար դրույթներից մեկը՝ կանանց ընտրական իրավունքը։

Մինչեւ այդ արդեն 19-րդ դարի կեսերից արեւմտյան մի շարք երկրներում ստեղծվում էին կազմակերպություններ, ձեւավորվում շարժումներ՝ կանանց հավասար ընտրական իրավունքի ձեռքբերման նպատակով։ Այդ պայքարի աջակիցները կոչվում էին սուֆրաժիստներ։ Շարժումը առավել լայն տարածում գտավ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին, հիմնականում Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Սուֆրաժիստներն ակտիվորեն օգտագործում էին քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի մեթոդներ, իրենց շղթայում էին դարպասներին, նստում էին գնացքի ռելսերի վրա, ցույցեր էին կազմակերպում եւ անցկացնում։

ԱՄՆ-ում Կանանց ընտրական իրավունքի ասոցիացիայի նախագահ Ջանեթ Ռենքինի ջանքերի արդյունքում 1914 թվականին Մոնտանան դառնում է 7-րդ նահանգը, որտեղ կանայք ձեռք են բերում ընտրական իրավունք։ 1916 թվականին էլ Ռենքինը դառնում է առաջին կին կոնգրեսականը։
Աշխարհում առաջին անգամ քվեարկելու իրավունք ստացան նորզելանդացի կանայք։ 1893 թվականին Նոր Զելանդիայում ընտրությանը կարող էր մասնակցել 21 տարին լրացած յուրաքանչյուր կին: 1919 թվականին էլ նորզելանդացի կանայք իրավունք ունեցան ոչ միայն ընտրել, այլեւ ընտրվել օրենսդիր մարմիններում։

Մինչեւ Նոր Զելանդիան կանայք ընտրելու սահմանափակ իրավունք ունեին նաև Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդայում եւ ԱՄՆ որոշ նահանգներում: Այնուհետև այդ իրավունքը ստացան եվրոպական մի շարք երկրների 18-տարին լրացած կրթված կանայք: Արդեն 1920 թվականին ԱՄՆ բոլոր նահանգներում կանայք ընտրելու իրավունք ունեին։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո էլ գրեթե բոլոր եվրոպական երկրներում կանայք ընտրական իրավունք ստացան։ Բացառություն էին Ֆրանսիան և Շվեյցարիան, որտեղ կանայք ընտրական գործընթացներին սկսել են մասնակցել համապատասխանաբար 1944 և 1979 թթ-ից:

Հայաստանի առաջին հանրապետության առաջին խորհրդարանական համընդհանուր ընտրություններն անցկացվել են 1919 թվականին։ Հենց այդ ընտրությունների ժամանակ էլ հայ կանայք ունեին ընտրելու իրավունք։ Այդ խորհրդարանի կազմում էլ ընտրվել է երեք կին պատգամավոր։

Մի շարք պետություններում մինչ վերջերս էլ կանաք զրկված էին ընտրական իրավունքից, այդ երկրների թվում էին՝ Պակիստանը, Աֆղանստանը, Ուգանդան, Սաուդյան Արաբիան:
Այսօր կանայք ընտրական իրավունքից զրկված են միայն Վատիկանում: