ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
26 Aug 2020

Թուրքիան Հունաստանին անվանել է «երեսառած» եւ սպառնալիք է հնչեցրել

Թուրքիան այսօր հունական Կրետե կղզու հարավում զորավարժություններ է սկսել: Այն անցկացվում է թուրքական և դաշնակից երկրների, մասնավորապես ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի նավատորմի նավերի մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարարությունը եւ հավելել, որ կարճաժամկետ անցումային դասընթացներն Արևելյան Միջերկրականում անցկացվում են փոխգործակցության և համակարգման բարելավման նպատակով:

Թուրքիայի նախաձեռնած այս զորավարժություններին զուգահեռ նույն հատվածում՝ Կրետեի հարավում, Հունաստանն իր հերթին ԱՄՆ հետ անցկացնում է զորավարժություններ։ Այս հանգամանքը, բնականաբար, դուր չի եկել Թուրքիային, որը լարվածությամբ հետևում է դեպքերի զարգացմանը։

Հունաստանի և ԱՄՆ համատեղ զորավարժությունները միտված են ամրապնդելու թե՛ երկկողմ ռազմական գործակցությունը, թե՛ ՆԱՏՕ-ի շրջանակում զարգացնելու համատեղ ռազմական գործողությունների ունակությունները։ Բացի այդ, այն նպատակ ունի Հունաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու։ Զորավարժություններին՝ որպես ռազմական տեխնիկա, ընդգրկված են «Էգեոն» հունական ռազմանավը, 214 մոդելի սուզանավ և F-16 ռազմական ինքնաթիռ, իսկ ԱՄՆ ներկայացված է USS Winston S. Churchill ռազմանավով։
Թուրքիա-Հունաստան հարաբերությունները սրվեցին, երբ հայտնի դարձավ, որ Հունաստանի տարածքային ջրերում Թուրքիան իր «Oruç Reis» սուզանավն էր ուղարկել՝ էներգետիկ ռեսուրսներ փնտրելու, սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու նպատակներով: Հունաստանին օժանդակելու համար՝ Ֆրանսիան ռազմական տեխնիկա էր տեղակայել Միջերկրական ծովում:
Թուրքիայի ակտիվ գործողությունների վերաբերյալ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ հանդիպումից հետո եւս մեկ անգամ վերահաստատել է, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանել ինքնիշխանությունը՝ Թուրքիայի հետ կոնֆլիկտում։

Դենդիասը նաեւ հայտարարել է, որ Հունաստանը պատրաստ է երկխոսության, բայց ոչ Անկարայից հնչող սպառնալիքների պայմաններում: Հունաստանի գլխավոր դիվանագետը վստահեցրել է, որ թուրքական կողմը շարունակում է սադրանքները և միջազգային իրավունքի խախտումները, և այս իրավիճակը վերաբերում է ոչ միայն ՆԱՏՕ-ի այս երկու երկրներին, այլև ամբողջ Եվրամիությանը, որին անդամակցում է Հունաստանը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին մտահոգություն է հայտնել՝ ստեղծված իրավիճակի համար եւ նշել, որ ցանկացած փոքր կայծ երկու երկրների հարաբերություններում կարող է աղետի հանգեցնել: Նա նշել է, որ մտադիր է բանակցություններ սկսել թուրքական կողմի հետ, քանի որ Գերմանիայի նպատակը կոնֆլիկտի դեէսկալացիան է:
Աթենքում գործընկերոջ հետ հանդիպումից հետո Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն այսօր մեկնել է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Այցից առաջ նա հանդես է եկել հայտարարությամբ՝ երկխոսության կոչ անելով Թուրքիային և Հունաստանին՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում առկա խնդիրների լուծման համար։ Նա, մասնավորապես, ասել է, որ Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի դաշնակիցներն են, եւ Արևելյան Միջերկրականում գազի պաշարների հետ կապված առաջացած վեճը հնարավոր է լուծել միայն միջազգային իրավունքի հիման վրա և անկեղծ երկխոսության միջոցով:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ, Մաասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Հունաստանի քաղաքականությունը որակել է երեսառածություն և Աթենքին խորհուրդ տվել հրաժարվել իր մտադրություններից։ Նա նաեւ մեղադրել է Հունաստանին ու Կիպրոսին՝ մաքսիմալիստական թեզերով առաջնորդվելու և Արևելյան Միջերկրականում միակողմանի և անհանդուրժող գործողությունների համար։ Այս համատեքստում էլ վկայակոչել է Միջերկրականում Հունաստանի եւ ԱՄՆ համատեղ զորավարժությունները։

Չավուշօղլուն ավելի հեռուն է գնացել եւ գրեթե բաց տեքստով սպառնացել է հույներին, նախ խորհուրդ է տվել՝ ռիսկի չենթարկել իրենց՝ որոշ երկրների ուղղորդումներին հետևելով։ Հետո էլ ասել է՝ եթե հույները շարունակաբար հայտարարեն զորավարժությունների ու իրենց իրավունքների մասին, ապա Անկարան էլ անվարան կերպով կանի այն, ինչ անհրաժեշտ է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ իր երկիրը դառնալու է էներգաարտադրող երկիր, քանի որ Սև ծովում եւս նրանք հայտնաբերել են գազի 320 մլրդ խմ գազի պաշարներ, որոնք կբավականացնեն իրենց ավելի քան 20 տարի։ Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված գազը թուրք ժողովրդին կմատակարարվի 2023 թ., եւ այն Սև ծովի այդ հատվածում գտնվող պաշարների ընդամենը մի մասն է։