ՌԴ-ն ակնկալում է շուտափույթ վերսկսել ԼՂ բանակցությունները․ տավուշյան լարվածությունը՝ 1994 թ․ հրադադարի համաձայնագրի առավել մեծածավալ խախտում
ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատում է՝ շուտափույթ վերսկսել ԼՂ հարցի կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հերթական լարվածությանը, թե որքանո՞վ է մեծ ռազմական լայնածավալ հակամարտության հավանականությունը, նա նշել է, որ հուլիսի 12-16-ի սահմանային լարվածությունը հրադադարի հաստատումից հետո 2-րդ առավել մեծածավալ խախտումն է։ Առաջինը 2016-ի ապրիլյան քառօրյան էր։
Ընդ որում, նրա խոսքով, վերջին 26 տարում առաջին անգամ բարձր ինտենսիվության ռազմական բախումները՝ դաշտային հրետանու, ականանետների եւ հարվածային անօդաչուների օգտագործմամբ ընթացել են ոչ թե Արցախի հետ շփման գծում, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի հատվածում։
Հակամարտության պատճառներից Սերգեյ Լավրովն առաջին հերթին առանձնացնում, է հակամարտության չկարգավորված լինելը, ապա՝ սահմանի երկու կողմում հանրային տարածքի բացառիկ թեժացումը, ինչպես նաեւ՝ աշխարհագրական գործոնը՝ հայկական կողմի որոշումը հին սահմանակետը վերականգնելու մասին։ Այս սահմանակետը տեղակայված է 15 կմ հեռավորությամբ ադրբեջանական արտահանման խողովակաշարերից։ Սա, ըստ Լավրովի, առաջացրել է ոմանց մտահոգությունը, մյուսների՝ չարդարացված պատասխան արձագանքը եւ արդյունքում գործարկել է դիմակայության թափանիվը՝ ամենաանկանխատեսելի հետեւանքներով։