Լուկաշենկոն մտադիր չէ հանդուրժել անհնազանդությունները, Տիխանովսկայան էլ կոչ է անում գործադուլները շարունակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին ուժայիններին հրահանգել էր՝ Մինսկում այլեւս չպետք է լինի որեւէ անկարգություն։ Հավելել էր՝ մարդիկ հոգնել են, մարդիկ պահանջում են խաղաղություն ու լռություն։
Նախագահի հրահանգից հետո էլ, սակայն, Մինսկի փողոցները կրկին մարդաշատ էին, ցուցարարներն էլ պնդում էին՝ թե իշխանությունից են հոգնել։
Լիտվայում գտնվող Սվետլանա Տիխանովսկայան էլ պարբերաբար տեսուղերձներ է հղում բելառուսներին: Վերջին ուղերձում նա կոչ է արել շարունակել գործադուլները՝ ընդգծելով, որ դրանք միանգամայն օրինական եւ ազդեցիկ զենք են՝ ուղղված ռեժիմի դեմ։
Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ընդդիմության ստեղծած Համակարգող խորհրդի անդամների նկատմամբ՝ իշխանությունը զավթելու կոչերի մեղադրանքով: Հնարավոր պատիժը՝ 5 տարի ազատազրկումն է: Խորհրդի անդամները, սակայն, հայտարարել են, որ իրենց բոլոր գործողություններն օրինական են:
Իշխանության դեմ ցույցերին զուգահեռ ցույցեր են անցկացվում նաեւ ի սատարումն նախագահ Լուկաշենկոյի: Եւ այդ ամենը՝ նույն տեղում եւ նույն ժամին: Նրանք տարբերվում են դրոշների գույներով․ Սպիտակ-կարմիր դրոշակակիրները ընդդիմադիր բելառուսներն են, կարմիրները՝ իշխանամետ:
Ի վերջո, ինչ հանգուցալուծում կունենան 12 օր շարունակվող ցույցերն ու անհնազանդությունները։ Ցուցարարները պահանջում են նախագահի նոր ընտրություններ, արեւմտյան երկրներն եւս ակնարկում էին նոր ընտրությունների անհրաժեշտության մասին։ Բայց արդյո՞ք Լուկաշենկոն կգնա զիջումների: Նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ նոր ընտրություններ չեն լինելու, իսկ եթե լինեն, ապա միայն իր դիակի վրայով:
Բելառուսը 26 տարի ղեկավարած Լուկաշենկոն ճգնաժամից դուրս գալու միակ ելքն էլ տեսնում է սահմանադրական գործընթացների, այլ ոչ թե փողոցային ակցիաների միջոցով: