ԵՄ-ն հնարավոր է` պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ․ Թուրքիան էլ վերապատրաստում է Լիբիայի բանակը ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի ունեցած ռազմական փորձով
Հունաստանն ու Կիպրոսը կոչ են արել ԵՄ-ին՝ քայլեր ձեռնարկել Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների դադարեցման համար:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիան իր հետազոտական նավը եւ նրան ուղեկցող մյուս նավերը պարբերաբար ուղարկում է Միջերկրական ծովի հյուսիս։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այս հատվածում հայտնաբերվել են գազի հարուստ պաշարներ եւ հիմա անզիջում պայքար է գնում այդ հատվածը վերահսկելու համար։ Հունաստանն այն համարում է իր՝ բացառիկ տնտեսական գոտի, եւ թուրքական նավերի առաջխաղացմամբ պայմանավորված՝ հունական զինված ուժերը պարբերաբար մարտական պատրաստության են բերվում։
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ առաջիկա օրերին Բեռլինում մասնակցելու է ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի ներկայացրած Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկը։
Եվրամիության ԱԳ նախարարները հենց Ժոզեֆ Բորելին են լիազորել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել: Ցանկը, որում ներառվել են նաև տնտեսական պատժամիջոցներ, կներկայացնի օգոստոսի 27-28-ը՝ բեռլինյան նիստի շրջանակում: Թուրքիայի դեմ պատժամիջոցները կկիրառվեն, եթե ԵՄ անդամ 27 երկրները հաստատեն դրանք:
Թուրքիան տեւական ժամանակ է՝ փորձում է դառնալ Եվրամիության անդամ, սակայն տարբեր պատճառներով անդամակցումը մշտապես հետաձգվել ու հետաձգվում է։ Թուրքական իշխանություններն էլ վերջին շրջանում այլեւս նախկին ոգեւորությամբ եւ ջանասիրությամբ չեն ձգտում մտնել եվրոպական ընտանիք։
Ինչ վերաբերում է Միջերկրական ծովի՝ վիճելի հատվածին, ապա մեկ ամիս առաջ նաեւ Թուրքիայի առաջխաղացումը կանխելու համար՝ Հունաստանը Եգիպտոսի հետ կնքեց համաձայնագիր ծովային սահմանների սահմանազատման և բացառիկ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ։ Թուրքիան սա անընդունելի էր համարել եւ իր հերթին Միջերկրական ծովում իր ազդեցությունն ընդարձակելու համար՝ ծովային վիճելի համաձայնագիր էր կնքել Լիբիայի հետ։
Ի դեպ, Լիբիայի հետ հարաբերություններում Թուրքիան ավելի հեռուն է գնացել․ նա մտադիր է աջակցել Լիբիային՝ կանոնավոր բանակ ստեղծել հարցում։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը պատրաստվում է ոչ միայն նորաստեղծ լիբիական բանակին զինել անհրաժեշտ զինտեխնիկայով, այլև փոխանցել 1993 թ․ ադրբեջանական բանակի փորձը՝ ըստ էության, ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի ռազմական փորձը։
Լիբիայի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարների հետ համաձայնության են եկել լիբիացի զինվորների վերապատրաստման և խորհրդատվության նպատակով ռազմական կառույցներ ստեղծելու շուրջ։ Առաջիկայում այս երկրները ռազմական խորհրդատուներ և զինվորականներ կուղարկեն Լիբիա։