Ոսկու տենդը կամ ոսկին տենդի մեջ. մեկ գիշերում ոսկու գինը հասել է ռեկորդային ցուցանիշի
Ոսկին կրակների մեջ է. 2020 թ․ լինելու է ոսկու տենդի տարի։ Միջազգային ֆինանսիստ-վերլուծաբանների կանխատեսումներն են։ Բանն այն է, որ ոսկու գինը այս շաբաթ՝ մի գիշերում, հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 2000 ԱՄՆ դոլար 1 ունցիայի դիմաց։ Այսօր արդեն իսկ ոսկու 1 ունցիան հնարավոր է ձեռք բերել 2030 դոլարով։
Ոսկու կանխավճարային արժեքը տարեսկզբից աճել է 32 տոկոս եւ կարող է դեռ ավելացնել շահութաբերությունը։ Տարեսկզբին այն արժեր ընդամենը 1500 դոլար։
HYCM առեւտրային ընկերության արտարժույթի գլխավոր վերլուծաբան Ջայլս Քոգլանի գնահատմամբ՝ ոսկու գնի աճը հրահրել է այն մտավախությունը, թե կորոնավիրուսի համայնավարակը դեռ կարող է ուժգնանալ։ Նրա խոսքով՝ ներդրողները անորոշ ժամանակներում միշտ ձգտում են ոսկի գնել։ Պատճառն ընդամենն այն է, որ ոսկին, այսպես կոչված, ապաստարանային ակտիվ է, որն ընդունակ է անկայուն ժամանակներում պահպանել, անգամ՝ մեծացնել իր արժեքը։
Ներդրողներն ու կապիտալ տնօրինողները ոսկի են գնում նաեւ այն հեռանկարով, որ COVID-19 համայնավարակից հետո համաշխարհային տնտեսությունն ունակ է լինելու արդյունավետորեն վերականգնվել։ Այն փաստը, որ մասնավոր բանկերն իրենց հաճախորդներին խրախուսում են ոսկի գնել՝ որպես գնաճային ռիսկերից ապահովագրում եւ արտարժութային փոխարժեքների տատանումներին դիմակայելու միջոց, ցույց է տալիս, որ շուկան դեռ վստահ չէ, որ ականատես ենք լինելու կորոնավիրուսի ավարտին։