ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
05 Aug 2020

Ադրբեջանցի հաքերները հնարավոր է տիրապետում են պետական մարմինների 55 տերաբայթ տեղեկության

Ադրբեջանցիները կիբեռհարձակում են գործել: Հակառակորդ հաքերները հայտնել են, որ կարողացել են ներթափանցել մեր երկրի կառավարական ներքին ցանց: Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ եթե ադրբեջանցիների տարածած տեղեկությունը ճիշտ է, ապա ադրբեջանցի հաքերները տիրապետում են 55 տերաբայթ տեղեկության։

Ադրբեջանցի հաքերները հրապարակել են միայն տեղեկության արտահոսքի վերաբերյալ սքրինշոթը, որն էլ շուտով հեռացրել են: Սակայն հստակ հնարավոր չէ ասել, թե իրականում հաքերները կարողացել են ստանալ այդ ամբողջ տեղեկությունը, թե՝ ոչ։ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ եթե հաստատվի սա, ապա ադրբեջանցիներին հասանելի է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներքին շրջանառության տեղեկությունները։

Պետական համակարգի ներքին ցանցը հզորացնելու ու անխոցելի դարձնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ստեղծել ընդամենը մի կառույց, որը կկարողանա կանխել նման հարձակումները:

Հակառակորդի հաքերային հարձակման լուրի իսկությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել են իրավասու մարմինները։ Վարչապետի մամուլի խոսնակը միայն տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն աշխատանքներ է տանում տեղեկությունը պարզելու ուղղությամբ։

Վարչապետի խոսնակի գրառումից րոպեներ անցել էլ պարզ դարձավ, որ ադրբեջանցի հաքերները հրապարակել են ՀՀ արդարադատության նախարարության 2019 թվականի փաստաթղթեր՝ 103 մահվան վկայական։