ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
04 Aug 2020

Թուրքերի ծուղակը՝ կրթական ծրագրերի քողի ներքո․ Պատմության ինստիտուտը հրավիրում է ԱԱԾ ուշադրությունը

Կրթության չափորոշիչների շուրջ տարաձայնությունները նոր փուլ մտան, երբ սկսվեցին Հայոց պատմություն առարկայի շուրջ քննարկումները։ Կրքերը հատկապես թեժացան, երբ հայտնի դարձավ, որ մի քանի տարի առաջ հայերի եւ թուրքերի մի խումբ հասարակական հիմունքներով քննարկումներ է ունեցել, ապա մշակել մոդելային դասեր, ձեռնարկներ, թե ինչպես դասավանդել պատմությունը հայկական եւ թուրքական դպրոցներում։ Այս ձեռնարկների հեղինակները 13-ն են, որից 7-ը՝ հայ։ Նրանցից միայն երկուսն են պատմաբան եղել, եւս երկուսը՝ այսօր արդեն իշխող ուժի ներկայացուցիչներ։

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչները մշակած խմբի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է, որն էլ հենց այս խմբի պատմաբաններից է եղել։

Հայ պատմաբանները ոչ միայն անընդունելի են համարում թուրքերի հետ նման քննարկումները, այլեւ նրանց վրդովեցրել է, որ այն գաղտնի է անցկացվել։ Այս համատեղ ձեռնարկները ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանի համար անընդունելի են նաեւ այն պատճառով, որ Հայաստանին վերագրվել է ստալինիզմ։ Բացի այդ, հայ պատմաբաններին մեղադրում են ազգայնականություն և ռազմականացում քարոզելու, ինչպես նաեւ ազգամիջյան թշնամանք սերմանալու մեջ։