ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
03 Aug 2020

Ռուսաստանն ու Չինաստանը հրաժարվում են դոլարից․ համաշխարհային թիվ մեկ արժույթը մրցակից ունի

Ռուսաստանն ու Չինաստանն իրենց առեւտրի մեծ մասն այլեւս դոլարով չեն իրականացնում։ Դոլարային առեւտրից հրաժարվելու մասին երկու երկրները երկար տարիներ է, ինչ մտածում են ու տարբեր ձեւաչափերով արտահայտվում այդ մասին։ Եվ միայն հիմա՝ հաշվի առնելով 2020 թ․ առաջին եռամսյակի տվյալները, Չինաստանն ու Ռուսաստանն իրենց վաղեմի նպատակը որոշել են իրականություն դարձնել։

Առաջին եռամսյակի տվյալներով՝ երկու երկրների առեւտուրն առաջին անգամ 50 տոկոսի անկում է արձանագրել։ Հասկանալու համար այս անկման մասշտաբը՝ բավարար է դիտարկել ընդամենը 4 տարի առաջ նրանց արտարժութային գործարքները, որոնք դոլարային արտահայտությամբ կազմել են 90 տոկոս։ Այս ցուցանիշն այժմ 46 տոկոս է։ Ինչ վերաբերում է առեւտրին, ապա ՌԴ 54 տոկոսանոց ոչ դոլարային առեւտրի 17 տոկոսը կազմում է չինական յուանը, 30 տոկոսը՝ եվրոն եւ միայն 7 տոկոսը՝ ռուսական ռուբլին։

Միջազգային առետրում դոլարի դերի անկումը հիմնականում կարելի է պայմանավորել ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ շարունակվող առեւտրային պատերազմով։ Երկու երկրների հարաբերությունները վատթարացել են 2020թ․ այն բանից հետո, երբ ամերիկացի քաղաքական գործիչները մեղադրեցին Պեկինին Covid-19-ի բարդությունները թաքցնելու մեջ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը հիվանդությունն անվանեց «Չինաստանի վիրուս»։
Դեռ հունվարին ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պաշտոնական Մոսկվան շարունակում է իր քաղաքականությունը՝ աստիճանական ապադոլարացման ուղղությամբ եւ ձգտում է գործարքներ կնքել տվյալ երկրի ազգային արժույթով, որքանով որ դա հնարավոր է։ Դոլարից հրաժարումը Լավրովն անվանել է օբյեկտիվ պատասխան ԱՄՆ անկանխատեսելի տնտեսական քաղաքականության եւ արժույթի համաշխարհային պաշարների հարցում պաշտոնական Վաշինգտոնի՝ դոլարի կարգավիճակի չարաշահման։

Դոլարից հրաժարումը հնարավոր է տեսնել նաեւ աշխարհի մյուս երկների հետ ՌԴ առեւտրում։ Նրանցից է ԵՄ-ն։ 2016թ․ վեր ԵՄ երկրների հետ ՌԴ առեւտուրն իրականացվում է հիմնականում եվրոյով։ Եվրոյի ընթացիկ մասնաբաժինը կազմում է 46 տոկոս։
Ռուս վերլուծաբանների գնահատմամբ՝ ԱՄՆ ագրեսիվ քաղաքականության արդյունքում դոլարի գերակայությունը բացասական էր ազդում ՌԴ եւ Չինաստանի տնտեսությունների զարգացման վրա։

Սակայն չպետք է մոռանալ, որ 2019թ․ տվյալներով՝ համաշխարհային տնտեսության մեջ ռուսական ռուբլին դեռեւս շատ թույլ է արտահայտված՝ նրա մասնաբաժինը կազմում է ընդամենը 0,6 տոկոս, փոխարենը միջազգային արտարժութային շրջանառության մեջ չինական յուանը կազմում է 4,3 տոկոս։ Ըստ մի շարք տվյալների՝ եվրոն եւ յուանը լուրջ հնարավորություն ունեն փոխարինելու դոլարին եւ դառնալու գերիշխող հաշվարկային միավոր։
Ապադոլարացման գործընթացը սկսել է դեռ 2010թ․, սակայն այն վառ դրսեւորվեց 2014թ․, երբ սկսվեց ուկրաինական մայդանը եւ փորձ արվեց Հոնկոնգի չինական հատվածում իրականացնել գումավոր հեղափոխություն։

Ի հակակշիռ դոլարի, ի դեպ, ԵԱՏՄ երկրների շրջանակում տնտեսական ինտեգրացիայի համար՝ ՌԴ նախաձառնությամբ նպատակ կար ներդնել միասնական մեկ արժույթի՝ ռուսական ռուբլու գործածություն։ Այն եւս քննարկումների փուլում է։