ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
03 Aug 2020

Բեռլինյան թեժ կիրակին. գերմանացիները պահանջել են հակահամաճարակային կանոնների չեղարկում

«Վերջ համաճարակին․ ազատության օր»․ այս կարգախոսով երեկ Գերմանիայի տարբեր երկրամասերից Բեռլինում է հավաքվել մոտ 20 հազար ցուցարար։ Սա ըստ պաշտոնական տվյալների։ Բողոքի երթը մեկնարկել է Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտից․ մասնակիցները անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով։

Բազմահազարանոց ցույցի մասնակիցները եղել են առանց դիմակների ու չեն պահել ֆիզիկական հեռավորություն: Ցուցարարներն ասել են, որ համայնավարակով պայմանավորված սահմանափակումներն ու դիմակ դնելը ոտնահարում են իրենց իրավունքներն ու ազատությունները։

Որոշ ցուցարարների ձեռքին նացիստական ու դավադրապաշտական սիմվոլիկաներ ու դրոշներ են եղել։ Ոստիկանությունը ստիպված է եղել ցրելու ցույցը՝ հայտարարելով, որ ցուցարարները չեն հարգել կորոնավիրոսով պայմանավորված կարգավորումները։

Բեռլինի քաղաքապետ Միխայիլ Մյուլեռը հանդես է եկել կոշտ քննադատությամբ՝ ասելով, որ այս մարդիկ Բեռլին են եկել հիգիենայի կանոնների դեմ ցույց անելու։ «Նրանք արհամարհում են այդ կանոնները, բոլորն առանց դիմակների են եղել։ Նրանք հաշվի չեն առնում փաստերը եւ այսպիսով վտանգում են ուրիշների առողջությունը։ Այս հանգամանքին ես չեմ կարող ըմբռնումով մոտենալ»,-ասել է քաղաքապետը։

Մինչ Բեռլինի կենտրոնում բողոքի ցույցեր էին՝ ընդդեմ սահմանափակումների, Նոյքյոլն շրջանում էլ մոտ 2000 ծայրահեղական դուրս է եկել պաշտպանելու իրենց սիրելի Սինդիկատ գարեջրատունը, որը փակվելու է օգոստոսի 7-ին: Հավաքն ավարտվել է անկարգություններով ու բախումներով։