ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
31 Jul 2020

Խաղաղ հավաքների արգելքի իրավական ու քաղաքական խութերը՝ ԱԴ պայմաններում

Արտակարգ դրության երկարաձգմանը զուգահեռ մեծանում է նաեւ իրավական պատասխանատվությունը որոշ սահմանափակումների հարցում։ Այս համոզմանն է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, որը մի շարք ՀԿ-ների հետ համատեղ առցանց քննարկմանն անդրադարձավ համաճարակով պայմանավորված արտակարգ դրության օրերին հավաքների ազատությանը: Նա հիշեցրեց, որ այս օրերին եղել են դեպքեր, երբ ոստիկանությունը մարդկանց հեռացրել է հավաքների վայրերից եւ այժմ պետք է քննարկել՝ արդյոք պե՞տք է բացառություններ լինեն: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով էլ՝ այսօր որոշումների կայացման եւ կատարման տրամաբանության բացակայության խնդիր ունենք։

Ինչպես ցույց են տվել խաղաղ հավաքների անցկացման վերաբերյալ Հելսինկյան կոմիտեի մշտադիտարկման արդյունքները՝ շատ հավաքերի դեպքում ոստիկանության գործողությունները ոչ համաչափ են եղել, օրինակ, երբ ակցիան միանձնյա է եղել կամ ակցիայի մասնակիցներն ունեցել են ընդդիմադիր հայացքներ։ Նրանք հիմնականում բերման են ենթարկվել ու կրել վարչական պատասխանատվություն։

Այս պարագայում, ըստ նրա, պետք է հստակեցնել եւ ապահովել լրագրողների անվտանգ աշխատանքը։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն էլ խոսեց տարերային հավաքների մասին՝ նշելով, որ դրանց անցկացումը եւս պետք է կանոնակարգել։

Առցանց քննարկման մասնակիցները համակարծիք էին՝ հավաքների ազատության սահմանափակումը չի բացառվում, որ հանգեցնի նաեւ խոսքի ազատության սահմանափակման։ Նման խնդրից խուսափելու համար քննարկման արդյունքում ձեւավորված առաջարկներն օմբուդսմենը կուղարկի պետական իրավասու մարմիններին՝ առավել լայն դիտարկման։