ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
24 Jul 2020

Իրանն անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկի` ԱՄՆ կործանիչներին պատասխանատվութան ենթարկելու համար


Թեհրանից Բեյրութ ուղևորվող օդանավին ամերիկյան 2 կործանիչ է կտրուկ կերպով մոտեցել: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ Սիրիայի «Ալ Թանաֆ» շրջանի մոտակայքում: Ինքնաթիռում եղել է 156 ուղեւոր։ Կործանիչների կողմից շրջապատվելու ժամանակ ինքնաթիռը, հնարավոր բախումից խուսափելու նպատակով, կտրուկ մանևրներ է կատարել, ինչի հետևանքով 3 ուղևոր, ինչպես նաև՝ սպասարկող անձնակազմի անդամներ են տուժել: Օդաչուն՝ բախումից խուսափելու համար, արագորեն փոխել է ինքնաթիռի բարձրությունը, ինչի հետևանքով մի քանի ուղեւոր վիրավորվել է։

Միացյալ Նահանգների Գլխավոր շտաբը հաստատել է տեղեկությունը, որ օդանավին ամերիկյան կործանիչներ են մոտեցել: Հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 կործանիչները մշտական դիտարկում կատարելու ժամանակ միջազգային իրավունքի պահանջների համաձայն 1 կմ անվտանգ հեռավորության վրա ուղեկցել են իրանական օդանավը: «Օդանավի տեսողական դիտարկման նպատակն է եղել ապահովել ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի՝ Սիրիայի Աթ-Թանֆում տեղակայված կայազորի անվտանգությունը»,- ասված է ամերիկյան հաղորդագրության մեջ:

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (ՍԵՆԹՔՈՄ) ներկայացուցիչ Բիլ Ուրբանը եւս հայտարարել է, որ F-15 կործանիչը Սիրիայի երկնքում իրանական «Mahan Air» ավիաընկերության ուղևորատար օդանավից անվտանգ հեռավորություն է պահել, ուղեկցումն իրականացրել է միջազգային չափանիշները հաշվի առնելով:

Ուրբանը խոսել է մեկ F-15 կործանիչի մասին, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուսն են եղել:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները՝ չշտապելով գնահատական տալ դրան և մեղավորների անուններ նշել, սակայն տեղի ունեցածի պատկերն ամբողջացնելուն պես անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր են ձեռնարկելու:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը պաշտոնական նամակով դիմելու է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհուրդ՝ Սիրիայի օդային տարածքում կործանիչների կողմից իրանական ուղևորատար օդանավի շրջափակելու դեպքի առնչությամբ՝ մանրամասներ ներկայացնելով միջադեպի վերաբերյալ և խնդրելով միջոցներ ձեռնարկել: