ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
24 Jul 2020

Կորոնաճգնաժամը, վարչապետի լավատեսական ուղերձն ու դիմակի պարտադրանքը. որքանո՞վ է բաց տարածքներում դիմակ դնելն արդյունավետ եղել

Հայաստանը մտել է կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ։ Սա ըստ ՀՀ վարչապետի: Նման լավատեսության հիմք է հանդիսացել այն, որ հունիսի 14-ից հետո առաջին անգամ մեր երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 10 հազարից ցածր է:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ու հանրային առողջապահության ոլորտի հնարավոր ճգնաժամից խուսափելու համար կառավարությունը մարտի 16-ին Հայաստանում հայտարարեց արտակարգ դրություն, որն այնուհետեւ երկարաձգեց չորս անգամ: Արտակարգ դրություն հայտարարելուց ամիսներ անց՝ հունիսի 3-ին, պարետատունը հրապարակեց նոր որոշում, ըստ որի՝ բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է:

Չնայած վարչապետի պնդմանը, ուշագրավն այն է, որ մինչև հունիսի 3-ը, երբ դիմակը պարտադիր չէր՝ հաստատված կորոնավարակի ամենամեծ թիվը 450 էր: Մինչդեռ դրանից հետո այդ թվերը ոչ միայն չնվազեցին, այլ պարբերաբար նորանոր հակառեկորդներ գրանցեցին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, համայնավարակի հայտարարումից ի վեր, դիմակներ դնելու առումով պարբերաբար տարատեսակ խորհուրդներ էր ներկայացնում: Ապրիլին կազմակերպությունը հայտարարել էր, որ դիմակ պետք է դնեն առավելապես վարակված մարդիկ: Ավելի ուշ, արդեն հունիսին ԱՀԿ հանդես եկավ նոր առաջարկով՝ դիմակ դնել այն մարդաշատ վայրերում, որտեղ հնարավոր չէ պահել ֆիզիկական հեռավորություն, օրինակ՝ խանութում կամ տրանսպորտում:

Փողոցում, առավել եւս՝ անմարդաշատ փողոցում պարտադիր դիմակ դնելու մասին որեւէ խորհուրդ չկա:
Մարտի մեկից ի վեր Հայաստանում գրանցվել է հաստատված կորոնավարակի 36,613 դեպք, մահացել է 692 հիվանդ: