ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
24 Jul 2020

«Գրականություն»՝ առանց «հայ»-ի․ Կառավարության աղմկահարույց նախագիծը

Մովսես Խորենացի, Եղիշե, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Գոշ այս և այլ տասնյակ հայ մեծանուն հեղինակների ստեղծագործություններ հանվելու են 7-12 դասարաններում «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրից։ Արմենիա ՀԸ աշխատակից, սցենարիստ Արմինե Բոյաջյանի ֆեյսբուքյան գրառում է արել ու նշել բոլոր այն հեղինակների անունները, որոնց ստեղծագործությունները հեռացման վտանգի տակ են։
«Էս ցուցակը թող մնա էստեղ, պատճառների ու հնարավոր վատ, վտանգավոր հետեւանքների մասին շուտով մանրամասն կգրեմ, որովհետև ցանկում կան հեղինակներ, որոնք հիմնաքարեր են դրել հայ գրականության մեջ։ Մի անհասկանալի, տափակ ու խեղաթյուրված թրենդ է ձեւավորվել՝ որքան ապազգային, էնքան առաջադեմ։ Մշակույթը գլխատելն էլ ո՞նց եք պատկերացնում։ Լավ, ինչու՞ են ձեր բոլոր կացիններն էդ ուղղությամբ «ֆռռում»»:

Ծրագրային այս փոփոխությունները նախաձեռնել է Հանրակրթության «Հայոց լեզու և գրականություն» առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը։ Խմբի որոշմամբ «Հայ գրականություն» առարկայից կհանվի նաև «հայ»-ը։
Աշխատանքային խմբի ղեկավար Թամարա Ալեքսանյանի պարզաբանմամբ՝ «Հայ գրականություն» առարկան անվանվելու է «Գրականություն», քանի որ հայ հեղինակներից բացի, դասավանդվելու է նաև արտասահմանյան գրականություն։ Այս նախաձեռնությունը մտահոգել է ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանին։ Նա այդ նախագիծն անհեթեթ է որակել: